Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի թիկնապահները ծեծե՞լ են ավագանու անդամին. (Տեսանյութ)

Հուլիս 30,2014 20:50

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստն էր, որը, սակայն, նշանակված ժամից մեկ ժամ ուշացումով սկսվեց, իսկ պատճառն այն էր, որ, ավագանու անդամների մեծ մասը չէր բարեհաճել ներկայանալ ու քվորում չէր ապահովվում:

Որքան էլ պարոն Բալասանյանը բացատրություն տվեց, որ ամառային արձակուրդների են գնացել ավագանու անդամները ու խնդրեց չդարձնել քննարկումների թեմա, ավագանու նիստից հետո լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե ճի՞շտ է, որ ավագանու անդամները բոյկոտել են նիստը, իսկ պատճառն այն է, որ Սամվել Բալասանյանի թիկնապահները  ավագանու անդամներից մեկին` Վահան Հունանյանին օրերս չեն թույլատրել բարձրանալ վերև, վիճաբանել են նրա հետ ու ծեծել են: Իսկ պատճառը եղել է ավագանու անդամի սպորտային հագուստով ներկայանալը: Ի դեպ, նման մի տեղեկությունն էլ հրապարակվել էր մեր նյութերից մեկի մեկնաբանությունների տակ, որտեղ ընթերցողը պնդում էր, որ ծեծել են ավագանու տվյալ անդամին: Ի պատասխան այս հարցի , Գյումրու քաղաքապետն ասաց. «Էդպիսի հարց, ես ուղղակիորեն չէի պատկերացնի, որ հնչի, հնարավո՞ր է, որ մեր թիկնապահները  ավագանու անդամների հետ վեճի մտնեն, ես թիկնապահ չունեմ, մեր շենքը հսկում է միլիցիան, միլիցիոներներին կարող եք հարցնել,եղե՞լ է նման դեպք, չգիտեմ եղե՞լ է նման դեպք: Ես օրինակ, ճիշտն ասած, առաջին անգամն եմ լսում, ճիշտն ասած չեմ կարող ձեր հարցին պատասխանել»:

Լրագրողները հետաքրքրվեցին` եթե թիկնապահ չունեք, ովքե՞ր են այն տղաները, որ միշտ ուղեկցում են ձեզ, այս պահին էլ նիստերի դահլիճն են հսկում: Սամվել Բալասանյանը, ընկնելով անհամար վիճակի մեջ, ասաց, որ նրանք իր օգնականներն են, նրանց մեջ կան նաև այլ ստրուկտուրաներում աշխատող երիտասարդներ, նրանց թիկնապահ անվանելը սխալ է, քանի որ թիկնապահն զինված պետք է լինի, և իր պատկերացումը թիկնապահի մասին տարբերվում է լրագրողների պատկերացումներից:

Մենք Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքից  վերցնելով ավագանու անդամ Վահան Հունանյանի հեռախոսահամարը` զանգահարեցինք նրան ճշտելու, թե արդյո՞ք նման վիճաբանություն կամ ծեծկռտուք եղել է թիկնապահների հետ: Վերջինս, վերցնելով հեռախոսը, անգամ չհետաքրքրվելով, թե ով է իրեն զանգահարել, բարկացած տոնով ասաց, որ սա Վահան Հունանյանի հեռախոսահամարը չէ: Երբ թիվ առ թիվ կրկնեցինք նրա հեռախոսահամարը ու նշեցինք, որ վերցրել ենք ավագանու անդամների պաշտոնական էջից, Վահան Հունանյանի լուսանկարի տակից, մեր հետ զրույցի բռնված անձն ասաց. «Այո, ձեր ասած հեռախոսահամարն է, բայց քուր ջան քեզի կըսեմ ստեղ Վահան Հունանյան չկա»:

Մանրամասները` տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սերյոժա says:

    Ուշադրություն դարձրեք ինչ է խոսում բալասանյան սամվելիկը, իրեն հարցնում են եղել է դեպք?, ինքը ասում է գնացեք ոստիկաններից հարցրեք, այսինքն քաղաքապետարանի շենքում բան է տեղի ունենում, էն էլ ավագանու անդամի հետ, ինքը չգիտի?հաաաա, շատ ուժեղ մթնոլորտ է քաղաքապետարանում, ի դեպ փոխված ու բարոյահոգեբանական , բայց ինչ գիտի ոստիկանը, որ ուղղորդում է նրանց վրա?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031