Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետները հորդորում են ազատվել զոհի բարդույթից

Հուլիս 30,2014 18:50

Հայաստանի տարբեր մարզերի, Երևանի և սփյուռքի շուրջ 30 ուսուցիչներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցում են «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցին։

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի խոսքով՝ այսպիսի դասընթացների անցկացման անհրաժեշտություն կա, որովհետև Հայոց ցեղասպանության թեման հատուկ մոտեցում է պահանջում. «Այդ թեման բարդություններ ունի և սխալ մատուցման դեպքում կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ երեխաների վրա ու տարբեր բարդույթներ առաջացնել»,- ասաց փոխտնօրենը և հավելեց, որ այս դասընթացները նպատակ ունեն թեմայի մատուցման նոր մեթոդաբանություն տալու «Հայոց պատմություն» դասավանդող մեր ուսուցիչներին. «Կարևոր շեշտադրումներից մեկը զոհ լինելու կարծրատիպից ազատվելն է, հասկանալը, որ Հայոց ցեղասպանության մատուցումը զոհի, կոտորված լինելու հոգեբանության ընդգծումն ու տարածումը չէ: ճիշտ է, Ցեղասպանության հիմնական նպատակը հայ ազգին հիմնովին վերացնելն էր, բայց մեր ազգը կարողացավ, չէ՞, 21-րդ դար մտնել արդեն անկախ պետությամբ: Ահա այս շեշտադրումներն են, որոնք պետք է փոխանցենք երեխաներին»,- ասաց պարոն Մանուկյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս դասընթացի արդյունքում թեմայի մատուցման ուղեցույց կմշակվի ուսուցիչների համար, որում կլինի նաև փորձաքննություն անցած և երկակի ճշմարտություններից զերծ գրականության ցանկ:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյանը, որն այսօր իր դասախոսությամբ անդրադարձավ Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման առանձնահատկություններին, իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծեց զոհի հոգեբանությունից ազատվելու կարևորության մասին. «Չպետք է ստորադասության բարդույթ ստեղծել երեխաների մեջ, նրանք չպետք է մտածեն, թե մենք խեղճ ու կրակ, փոքր ազգ էինք, և մեզ ոչխարի պես կոտորեցին, իսկ մենք ոչինչ չկարողացանք անել»,- ասաց Ռ. Փիրումյանը և անդրադարձավ թեմայի մատուցման մեկ այլ սխալի ևս. «Ճիշտ է, Ցեղասպանությունը կատարվել է թուրքի ձեռքով, բայց երեխաների մեջ դեռ մանկուց թուրքի նկատմամբ ատելություն սերմանելն ու նրանից վախ ներշնչելը ամենասխալ բանն է, որովհետև այդ ժողովուրդը մի օր, ի վերջո, գիտակցության կգա: Չեմ ուզում, որ ապագա սերունդն էլ լինի մեզ նման, այսինքն՝ մեծանա ու դաստիարակվի թուրքին ատելով և նրանից վախենալով»:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն էլ Aravot.am-ի հետ զրույցում, համեմատելով Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմության դասավանդման առանձնահատկությունները, նշեց, որ այս առումով մենք սովորելու բան ունենք հրեաներից. «Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է հիմնականում «տրավմայի» լույսի ներքո՝ մեզ մորթել են, կոտորել են, զրկել են հայրենիքից և այլն, և այլն: Իսկ նման դեպքերում երեխաների մոտ կարող են որոշակի կարծրատիպեր ու թերարժեքության բարդույթներ առաջանալ: Դրա համար պետք է հասկանալ, թե ինչպես կարելի է մատուցել ցեղասպանությունը «հուշային մշակույթի» համատեքստում: Այդ հիշողության մեջ հայերը պետք է երևան ոչ միայն որպես տուժող, որը կորցրել է հազար ու մի բան, այլև մի ժողովուրդ, որը դիմադրել է, պայքարել: «Հիշողության մշակույթի» մեջ շատ կարևոր է ոսկե միջինի պահպանումը՝ խոսել և´ կորուստների, և´ պայքարի մասին»,- ասաց մեր զրուցակիցը և ի լրումն ասվածի՝ հիշեց հայերի ու հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա անվանումները՝ «Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր» և «Հոլոքոստի նահատակների ու հերոսների հիշատակի օր». «Այսինքն` հրեաները հատուկ առանձնացնում են նաև այն մարդկանց, որոնք հերոսաբար պայքարել են ընդդեմ նացիզմի: Մեր դեպքում այդպիսի առանձնացում չկա, այնինչ, Հայոց ցեղասպանու­թյան տարիներին եղել են ինքնապաշտպանական լուրջ մարտեր…

Ահա հիշողության այսպիսի մշակույթի շնորհիվ՝ հրեա երեխաների մեջ չի ձևավորվում զուտ զոհի կարծրատիպ, իսկ մենք շարունակ կրկնում ենք՝ Ցեղասպանության զոհեր, զոհեր, զոհեր… Եվ այն, որ ամեն մի երկրորդ խոսքով ասում ենք՝ մենք ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, դարձյալ ուզում ենք ցույց տալ, որ զոհ ենք»,- ասում է պարոն Մարությանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031