Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին ստիպել են ազատել շենքը

Հուլիս 30,2014 18:30

Այսօր Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին ԴԱՀԿ ծառայողները, առանց նախազգուշացման, թույլ չեն տվել շենք մուտք գործել՝ պատճառաբանելով, որ ներսում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում: Իսկ ավելի վաղ աշխատանքի եկած մարդկանց ստիպել են ազատել աշխատասենյակները՝ նույն պատճառաբանությամբ:

ԴԱՀԿ ծառայողներն ու ոստիկանները  լրագրողների խմբին ևս թույլ չտվեցին ներս մտնել ու ասացին, որ իրենք էլ ոչ մի բանից տեղյակ չեն, կատարում են իրենց աշխատանքը և այլ տեղեկությունների համար պետք է դիմել այլ մարմինների:

Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանին նույնպես չէր «հաջողվել» աշխատանքի հասնել: Լրագրողների հետ զրույցում  նա նշեց. «Հերթական աճուրդի դեպքում Մարզահամերգային համալիրի գինը պետք է իջներ 10,7-10,8 մլրդ դրամ, իսկ մեր պարտքը մոտավորապես 10,2 մլրդ դրամ է կազմում: Մենք ունենք մոտ  տասնչորս օր՝ տարածքն ազատելու համար: Բայց այսօր նրանք մեկ րոպե առաջ փորձում են անել այն, ինչ ուզում են՝ խախտելով մարդկանց իրավունքները: Աճուրդից հետո 10,8 մլրդ դրամի գումար դեռ պետք է գար, հետո նոր կիջներ ու կհասներ պարտքի չափին: Երբ առաջին անգամ համալիրը դրվեց աճուրդի, լոտում նշված էլ չէր, որ  ՄՀՀ-ն պատմամշակութային կառույց է: ԴԱՀԿ-ն ընդամենը աշխատողներին է դուրս հանում և խլում գույքը 14 օր առաջ: Գուցե մենք երկու շաբաթ շահագործում ենք գույքը և գումար վերցնում, նրանք չունեն այդ իրավունքը: Երբ մենք վտարման որոշում, կամ իրենց գործողությունների օրինականությունը հավաստող այլ փաստաթուղթ պահանջեցինք, պարզվեց, որ ձեռքի տակ նման որևէ փաստաթուղթ չունեն: Ես կարծում եմ, որ սա ուղղակի պետական ռեկետ է »:

Կորյուն Գրիգորյանը նաև նշեց, որ Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչները կդիմեն  Եվրադատարան, քանի որ ըստ նրա՝ ՀՀ դատարանն աշխատում է կոնկրետ ուղղվածությամբ ու հրահանգներով:

Լրագրողները Կորյուն Գրիգորյանի հետ միասին փորձեցին կապ հաստատել ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանի հետ՝ նրա ծառայակիցների խորհրդով՝  կատարվող դեպքերի մասին պարզաբանում ստանալու համար, սակայն բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 29-ին չկայացավ ՄՀՀ հինգերորդ հարկադիր աճուրդը, և նորի մասին առայժմ հստակ ոչինչ չկա:

 

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031