Երկու օր առաջ Գյումրու ամենաաղքատ թաղամասերից մեկի`Բուլվարայինի 206-014 տնակում, որը պատկանում է Վարդուհի Սարգսյանին, նրա տանը հյուրընկալված տեգրը` 27-ամյա Հարություն Հարությունյանը, որն, ի դեպ, բնակվում է Հրազդան քաղաքում, կերուխում կազմակերպելով հարազատների տանը ու հարբելով ` սեղանի շուրջ դանակի հարվածներ է հասցրել հավաքվածներին, այդ թվում նաև տան հյուրին: Վերջինս, վիճաբանելով եղբոր `28-ամյա Հովհաննես Հարությունյանի ու նրա կնոջ` Վարդուհու հետ, նախ դանակահարել է վերջիններիս ու անցել նրանց ընկերոջը` Կարեն Կնյազյանին:
Ինչպես տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրանց հիվանդանոց պառկեցնելու, ստացիոնար բուժման ենթարկելու անհրաժեշտություն չի եղել, նրանք ծայրահեղ ծանր վիճակում չեն եղել, բացի այդ նրանք հրաժարվել են ստացիոնար բուժումից, ուստիև ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն:
Իսկ Շիրակի մարզային ոստիկանությունից նշեցին, որ դանակահարությունը կատարվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, սակայն տուժածների մոտ թափանցող վերքեր չեն արձանագրվել: Փաստորեն Գյումրիում հյուրընկալված տեգրը դանակի այսպես ասած սիմվոլիկ հարվածներ է հասցրել հարազատներին, ամենայն հավանականությամբ` նրանց աչքը վախեցնելու ու իր ճիշտ լինելու առաջ տանելու նպատակով: Մեր տեղեկություններով, Հարություն Հարությունյանը ձերբակալված է:
Իսկ նույն օրը Ավզնոց թաղամասի 22-ամյա բնակիչ Ջորջ Հովհաննես Սանթրոսյանի դանակահարության հետ կապված ոստիկանությունը հետաքննական աշխատանքներ է կատարում դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ