«Լույս» հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 30-ին Ամերիկյան համալսարանի դահլիճներից մեկում կայացավ մամլո ասուլիս, որի առանցքային հարցերից էին բարձրագույն կրթություն ունեցող հայ երիտասարդների համար արտերկրում ուսանելու հնարավորությունների, ինչպես նաև Գյումրին որպես լիվինգ արտի կենտրոն դարձնելուն ուղղված միջոցառումների ներկայացումը:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ կառավարությանը անհրաժեշտ են խելացի կադրեր, և պարտադիր չէ ծանոթ-բարեկամի միջնորդությունը:
Իր կյանքի ուղին որպես օրինակ բերելով՝ պարոն Սարգսյանը նշեց, որ կարևոր է հասկանալ՝ ինչ ես ուզում: «Ժամանակին ինձ բազմաթիվ առաջարկներ են արել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Ես սկսել եմ հանրային ծառայությունից: Ձեզ համար էլ եկել է մեծ փոփոխության ժամանակը»:
Նա խոսեց նաև սպասվելիք ծրագրերի, այն է՝ Կոմիտասի թանգարանի, Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարության, ինչպես նաև Եղեռնի թանգարանի համալրման մասին:
Ելույթի վերջում Մաքսային միության անդամակցության հեռանկարների մասին հարցին ի պատասխան՝ պարոն Սարգսյանը նշեց, որ այն ձեռնտու է մեզ աշխարհաքաղաքական առումով: «Այն մարդիկ, ովքեր սեփական բիզնես ունեն, առավել ողջունում են այս միությունը, քանի որ այն ընձեռում է աճելու հնարավորություն»:
Կարդացեք նաև
«Հայաստանի ապագան» ծրագրի շրջանակներում «Լույսի» կրթաթոշակառու Խաչիկ Կարամանուկյանը ներկայացրեց ArtMenia ինտերակտիվ կայքը, որը հարթակ է ծառայելու Գյումրու արվեստը սփյուռքին ներկայացնելու համար: Տնտեսության զարգացման մեջ լիվինգ զարդերի դերի մասին խոսեցին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Համբարձում Ղուկասյանը, «Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերության գլխավոր տնօրեն Ավետիք Եսայանը: Հանդիպման վերջում ցուցադրվեցին Գյումրու վերափոխված մշակութային ավանդույթները արտացոլող «Լույսի» լիվինգ զարդերը:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ