Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալը հարցնում է, թե ինչո՞ւ իր նկատմամբ համաներում չի կիրառվում

Հուլիս 30,2014 16:55

Բարձրագույն կրթությամբ, նախկինում հինգ անգամ դատապարտված, երկրորդ խմբի հաշմանդամ Հայկ Վարդանյանը ներկայումս գտնվում է արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, խաբեության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա ապրիլի 9-ի դատավճիռը չի բողոքարկվել եւ մնացել է օրինական ուժի մեջ: Դատապարտյալն ասում է, որ իրեն մեղսագրված հոդվածով կիրառվում է համաներում, որը սակայն իր նկատմամբ չի կիրառվում: Նշեմ, որ տուժողները 10-ն են, մեկն է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մնացածը Հնդկաստանի եւ Նեպալի քաղաքացիներ են:

Հայկ Վարդանյանը իրեն մասնակի է մեղավոր ճանաչել: Ըստ նախաքննությունն իրականացրած ազգային անվտանգության ծառայության, նա տուժող, տաքսու վարորդ Արտաշես Քալաշյանից վերցրել էր 3 հազար դոլար կաշառք, ԱԱԾ-ում տաքսու վարորդին աշխատանքի տեղավորելու նպատակով:Հայկը խոստացել էր ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անձնագրային կետում տեղավորել:

Ի դեպ, տաքսու վարորդն էլ հաղորդում էր տվել հանցագործության մասին, 30 հատ 100 դոլարանոցները համապատասխան մշակմամբ «փոխանցվել» էին Հայկին,՝ դրվել նրա ավտոմեքենան: Իսկ արտերկրի քաղաքացիների հետ կապված էլ, Հայկը ըստ գործի նյութերի, 27 հազար եվրոյով 9 անձին պետք է օգներ շենգենյան մուտքի արտոնագիր ստանալու համար:

Հայկ Վարդանյանը վատառողջ է, նրա մի աչքը չի տեսնում, ունի երիկամային հիվանդություն, քարեր, ավազ: Նա պահվում է «Նուբարաշենի» կիսափակ ռեժիմի պայմաններում:

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ է դատապարտյալը պահվում փակ ռեժիմի պայմաններում, երբ նրա համար որոշվել է կիսափակ, եւ ինչո՞ւ նրա նկատմամբ համաներում չի կիրառվում, այսինքն, չի կատարվում դատարանի որոշումը, ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը պատասխանեց. «Ուսումնասիրելով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Հայկ Սուրիկի Վարդանյանի (ծնվ. 25.07.1968թ., նախկինում 5 անգամ դատապարտված, ներկա գործով դատապարտվել է 09.04.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 6 տարի ժամկետով ազատազրկման) անձնական գործը՝ տեղեկացնում ենք, որ դատապարտյալ Հ. Վարդանյանի կողմից նախկինում կատարած հանցագործությունների հաջորդականությունը, դատավճիռ կայացնող դատավորը ճանաչել է հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ և 67.1 հոդվածները: Այն հանգամանքը, որ դատապարտյալ Հայկ Վարդանյանն իրեն մեղսագրվող յուրաքանչյուր դիտավորյալ հանցագործություն կատարել է նախկինում երեք անգամ դատապարտված լինելով, միջին ծանրության դիտավորյալ հանցագործությունների և ծանր հանցագործության համար, իսկ առանձնապես ծանր հանցագործության համար չի դատապարտվել, առկա է հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը: ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. հանցագործությունների ռեցիդիվը առանձնապես վտանգավոր է համարվում անձի կողմից դիտավորությամբ այնպիսի հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվել է ազատազրկման, եթե անձը նախկինում երեք անգամից ոչ պակաս ցանկացած հաջորդականությամբ ազատազրկման է դատապարտվել միջին ծանրության դիտավորյալ հանցագործության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:

Դատապարտյալ Հայկ Սուրիկի Վարդանյանը նախկինում դատապարտվել է երկու միջին ծանրությունների և մեկ ծանր հանցագործությունների համար, ուստի առկա է հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվը, այլ ոչ թե հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվ, ինչն էլ ճանաչվել է դատապարտող դատավորի կողմից: Հաշվի առնելով վերոնշյալը հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հայկ Սուրիկի Վարդանյանի նկատմամբ չի կիրառվել ՀՀ ԱԺ 03.10.2013թ. «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, հիմք ընդունելով նույն որոշման 9-րդ հոդվածի 5-րդ կետը՝ հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվը: Դատապարտյալ Հ. Վարդանյանի նկատմամբ կիրառված որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով»:

Նշենք, որ դատարանը առանձնապես վտանգավոր ռեցիդիվ չի համարել Հայկի արարքը, ինչը ՔԿՀ վարչությունը պարզաբանման նպատակով դիմել է դատարան , մերժվել է: Ըստ ամբաստանյալի՝ վարչությունը գտնում է, որ դատարանը սխալ է վարվել, ստանձնելով դատարանի դերը,  պնդում է, որ ինքը վտանգավոր արարք չի կատարել, այլ՝ առանձնապես վտանգավոր արարք:  Համաներման որոշումը, նկատենք, որ չի տարածվում «առանձնապես վտանգավոր ռեցիդիվի վրա», այլ՝ վտանգավորի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031