Aravot.am-ի հարցին, թե, եթե արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանն է բացեիբաց խոսում «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վաճառքի գործարքը չեղյալ հայտարարելու մասին, չի՞ նշանակում, որ «Որոտանի» վաճառքը չի կայանալու, տնտեսական թեմաներով գրող, լրագրող Հայկ Գեւորգյանն, ասաց. «Մենք ունենք տեղեկություն, որ կառավարությունը շատ մոտ է «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գործարքը չեղյալ համարելուն, այստեղ, հարցն այն է, թե 2 կողմից իրականացվող ճնշումներից որ մեկն ուժեղ կլինի, գործարքը կախված է դրանից, եթե Արեւմուտքի ճնշումն ուժեղ լինի, ապա ՀԷԿ-երը կվաճառվեն, եթե արեւմտյան ճնշումից ռուսական ճնշումն ուժեղ լինի` չի վաճառվի եւ այդ գործարքը չի կայանա»:
Նկատենք, որ վարչապետի աթոռը ստանձնելուց հետո Հովիկ Աբրահամյանը տարբեր առիթներով, «Որոտան» ՀԷԿ-երիի համալիրի վաճառքը չեղյալ հայտարարելու մասին ակնարկներ անում էր: Սակայն անցյալ ուրբաթ Դիլիջան կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով «Որոտան» ՀԷԿ-երի վաճառքին, հայտարարել է` «Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը պետք է կայանա ի շահ մեր պետության»: Վարչապետը վստահեցրել է, որ Որոտանի ՀԷԿ-երը չօտարելու նպատակ չունեն, սակայն, եթե ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» (Contour Global) ընկերությունը, որին օտարվելու է ՀԷԿ-երի համալիրը, չհամաձայնի նորանշանակ կառավարության առաջարկներին եւ գործարքի պայմաններում տեղ գտած կառավարության համար անընդունելի կետերը եւ թերությունները չշտկի, ապա «Որոտանի» կասկադի գործարքը չեղյալ կհամարվի:
Հայկ Գեւորգյանի խոսքերով, տարօրինակն այն չէ, որ «Որոտանի» կասկադի վաճառքի հայտը կարող է չեղյալ համարվել, տարօրինակ է բուն գործարքն իրենով, քանի որ Հայաստանի լավագույն էներգետիկ օբյեկտներից մեկը փորձում է գնել ոչ թե ռուսական, այլ` ամերիկյան կազմակերպություն. «Մեր էներգետիկ համակարգն, ինչպես հայտնի է, ամբողջությամբ գտնվում է ռուսական վերահսկողության ներքո, այսինքն` առաջին պահից հենց հայտնի դարձավ, որ իշխանությունները ուզում են «Որոտանի» կասկադը վաճառել ամերիկացիներին, այդ գործարքն իրենով արդեն կասկածելի համարվեց; Վաղ թե ուշ հնարավոր է, որ այդ գործարքը կայանա, բայց ես կարծում եմ, որ այս հարցում խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ, այսպես ասած, արտաքին քաղաքական»:
Մեր հարցին, թե գրեթե կայացած գործարքը չեղյալ համարվելու դեպքում հնարավո՞ր է ՀՀ կառավարությունը տույժ տուգանքներ վճարի, Հայկ Գեւորգյանն ասաց, որ գործարքի մանրամասներից տեղյակ չէ, քանի որ այն ոչ այնքան հրապարակային է, սակայն չբացառեց, որ որոշակի խնդիրներ կարող է ծագեն:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ