Այսօր` հուլիսի 30-ին, Վերաքննիչ դատարանում շարունակվում էր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք` Հմայակ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով` անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Արդյունքում` նա դատապարտվել է 100 հազար դրամ տուգանքի, եւ նրա նկատմամբ համաներում է կիրառվել, սակայն նա բողոքարկել է այդ որոշումը:
Չնայած, որ նախորդ դատական նիստի ընթացքում Հմայակ Հովհաննիսյանը` իրեն հանրային պաշտպան տրամադրելու միջնորդությամբ էր հանդես եկել եւ դատարանն էլ բավարարել էր այդ միջնորդությունը, հանրային պաշտպանը դատական նիստին չէր ներկայացել: Դատավորը հայտարարեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակը դեռ չի ստացել իրենց դիմումը, այնուհետեւ հարցրեց կողմերի դիրքորոշումը:
Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ հանրային պաշտպանի ծառայությունների կարիքն ունի: Իսկ մեղադրող Հայկ Էյրամունջյանն ասաց, որ պետք է սպասել մինչեւ Հմայակ Հովհաննիսյանին հանրային պաշտպան տրամադրվի եւ հետաձգել այս դատական նիստը:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի է ունենալու օգոստոսի 6-ին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ