Այսօր` հուլիսի 30-ին, «Անալիտիկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Գեւորգ Հայրապետյանը ներկաներին խորհուրդ տվեց հարցումներ ուղարկելիս պատասխանին 5 օրվա փոխարեն սպասել 9 օր.
«2 օրը ոչ աշխատանքային օրերն են` անիմաստ է պաշտոնյաներից, քաղծառայողներից պահանջել, որ այդ օրը նրանք աշխատեն եւ տեղեկություն տան, եւ եւս երկու օր փոստային առաքման ժամկետն է: Պատասխան ստանալիս մենք ստանալու օրով չենք հաշվում, նայում ենք` ծրարի վրա ի՞նչ կնիք է դրված, եւ այդ օրն էլ հաշվում ենք տրամադրված պատասխանի ժամկետ»:
Նա նշեց, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ուղարկված հարցումների միայն 48 տոկոսն է պատասխան ստացել, իսկ 16 տոկոսը` ուշացած լիարժեք պատասխան: Կենտրոնին թերի պատասխան տրամադրել է 3 տոկոսը, անհիմն մերժել է 2 տոկոսը, անհիմն պատասխան տվել է 11 տոկոսը, իսկ 19-ը տոկոսը լուռ մերժել է:
Անդրադառնալով էլեկտրոնային հարցումներին` Գեւորգ Հայրապետյանը նշեց, որ նրանց պատասխանելու միասնական համակարգ չկա` տարբեր նախարարություններ տարբեր ձեւով են պատասխանում.
«Եթե մի նախարարությունը մի ձեւով է վարվում, բոլոր նախարարություններն էլ պարտավոր են նույն ձեւով վարվել, պետք է` մարդու համար որոշակի լինի, իրավական որոշակիությունից բխի: Եթե այդպիսի տարբերակված մոտեցում կա, նշանակում է` չկա որոշակիություն եւ չկա միասնական կարգ»:
Նա նկատեց, որ լուսապատճեն արված փաստաթուղթը դառնում է պատճեն, եւ հնարավոր է, որ օրինաչափ չէ այդպիսի փաստաթղթին պատասխանելը.
«Սա նշանակում է, որ այս ոլորտում պետք է թացը չորից տարբերել, հասկանալ: Իրականում կա’մ օրենքը շտապ փոփոխություններ եւ լրացումներ անելու կարիք ունի, կա’մ կառավարությունը կարող է նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների եւ պետական հիմնարկների համար սահմանել մեկ կարգ եւ դրանով հարցը կհամարվի փակված»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի