Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի գործով տուժող բոլոր ոստիկանների աչքերը արցունքոտվել են

Հուլիս 30,2014 15:20

Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին նոյեմբերի 5-ի դեպքերից տուժած ոստիկանների հարցաքննությունը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է:

Տուժող ոստիկան Հարություն Գրիգորյանը պատմեց, որ դեպքի օրը ինքը ծառայությունն ավարտել էր ու տուն էր գնում, երբ իր հրամանատարը զանգեց ու կանչեց ծառայության օպերայի հարակից տարածքում, որտեղ Շանթ Հարությունյանի նախաձեռնած երթն էր մեկնարկելու:

Ասաց՝ ճանապարհին ցուցապաստառներով ցուցարարների է նկատել՝ դեպի Մաշտոցի պողոտա գնացող, իսկ երբ արդեն հասել է Մաշտոցի պողոտա, տեսել է պայթյունները, ցուցարարներն էլ արդեն փողոց էին դուրս եկել: Ոստիկան Գրիգորյանն արդեն միացել է գործընկերներին, փորձել կանխել դիմակավորված անձանց անկարգությունները:
«Փայտերով հարվածում էին, բղավում, քաղաքացիական համազգեստով երկու ոստիկանի հարվածում էին»,- ասաց նա:

Հետո պատմեց, որ ոտքերի դիմաց պայթյուն է եղել, կոշիկներն են այրվել, իսկ երբ ոստիկանական նոր ուժեր են միացել իրենց, իրավիճակը կարգավորվել է:

Նա ասաց, որ քաղաքացիական համազգեստով ոստիկաններից մեկին դեմքով ճանաչում էր, տեսել է, թե ինչպես են ցուցարարները նրան մեջքին ընկած վիճակում հարվածում:

Հաջորդ տուժող ոստիկան Արթուր Վարդգեսյանն էլ պատմեց, որ 17:00-ի սահմաններում է լսել պայթյուններ, եւ մոտեցել է Մաշտոցի պողոտային, տեսել մի խումբ քաղաքացիների ու ոստիկանների խառնաշփոթ: Նա նույնպես պատմեց, որ ցուցարարները զինված էին մահակներով, դիմակներով ու քաղաքացիական համազգեստով մի քաղաքացու, որը գոռում էր, թե ոստիկան է, մահակներով հարվածում էին: Հետո ինքը նկատել է, որ իրեն ոստիկան համարող քաղաքացիական համազգեստով անձը հեռացավ՝ գլուխն արյունոտված:

Ոստիկանը նաեւ պատմեց, որ սպիտակ սպորտային համազգեստով քաղաքացու է տեսել, որը պայթուցիկ է նետել հենց իր ոտքերի տակ, հետո պարզել է, որ այդ երիտասարդը Ավետիս Ավետիսյանն էր, մի ուրիշ քաղաքացի էլ՝ ակնոցով, ամբաստանյալներից Սեւակը, քաշել է իրեն, ինքը վայր է ընկել ասֆալտին: Ոստիկանն ասաց, որ միտում չի նկատել Սեւակի կողմից իրեն վնասելու, այլ փորձ էր ոստիկաններից ազատել ընկերոջը՝ Ավետիսին:

Մի ուրիշ ոստիկան էլ՝ Ազատ Հովսեփյանն էլ պատմեց, որ դեպքի օրը իր ծառայությունն իրականացնում էր օպերայի շրջակայքում, պատրաստվում էր ուղեկցել Շանթ Հարությունյանին ու ընկերներին դեպի Բաղրամյան 26, բայց նրանք փայտերով դուրս եկան փողոց, ոստիկանները մոտեցել ու տեղեկացրել են, որ երթը պետք է անցկացվի մայթերով, բայց ցուցարարները դիմադրեցին, գոռգոռոցներ սկսվեցին:

Նա ասաց, որ ցուցարարների գործողությունների արդյունքում իր շնչառությունն է դժվարացել, փորձել է կանխել Ավետիս Ավետիսյանի անկարգությունները, բայց հարված է զգացել մեջքին, տեսել է, թե ինչպես է Ավետիս Ավետիսյանը պայթուցիկ նետել հենց իր ոտքերի տակ ու փախել:

Այս պահին տուժող ոստիկանների հարցաքննություններն ավարտվել են: Ամբաստանյալները սկսել են իրենց հայտարարությունները: Այսօր հարցաքննված բոլոր ոստիկաններն էլ ասացին, որ դեպքի օրը իրենք ֆիզիկապես չեն տուժել, պարզապես մրմռացել ու արցունքոտվել են իրենց աչքերը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031