Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Սեւ ցուցակում»

Հուլիս 30,2014 15:01

«2014 թվականի երկրորդ եռամսյակի «Սեւ ցուցակում» հայտնվել են ընդհանուր առմամբ 7 մարմիններ»,- այսօր` հուլիսի 30-ին «Անալիտիկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Գեւորգ Հայրապետյանը:

Նա նշեց, որ այդ 7 մարմիններից հինգը այդ ցուցակում հայտնվել են այն պատճառով, որ անպատասխան են թողել իրենց կողմից ուղարկված հարցումները, իսկ մյուս երկուսը էականորեն խախտել են տեղեկություն ստանալու ժամկետները, դրանք են պաշտպանության նախարարությունը եւ Սլավոնական համալսարանը.

«Սեւ ցուցակում» է հայտնվել Սեյրան Օհանյանը, այն պատճառով, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը, որն ուղարկված էր մարտի 19-ին, պատասխանել է երկու ամիս ութ օր ուշացումով, սա թվագրված հարցումից մինչեւ թվագրված ժամկետն ընկած ժամանակահատվածն է: Հաջորդը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն է հայտնվել «Սեւ ցուցակում»: Նա պաշտպանության նախարարից էականորեն շատ ավելի քիչ ժամկետներում է պատասխանել` հենց ուղիղ 15 օր անց է պատասխանել, սա նույնպես իրականում խախտում է»:

Գեւորգ Հայրապետյանը ներկաներին հայտնեց, որ իրենց «Սեւ ցուցակում» հայտնվել են հիմնականում համալսարաններ, որոնք էլ մեծ մասամբ անպատասխան են թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ուղարկված հարցումները: Ցուցակում տեղ են գտել Գալիք, Մեսրոպ Մաշտոցի անվան, Հայաստանում Ֆրանսիական համալսարանները: Ցուցակում հայտնվել են նաեւ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը.

«Վալերի Բրյուսովի անվան համալսարանը պատասխանը տրամադրել է ուշացումով, բայց մենք սա հավասարեցրել ենք լուռ մերժման: Ոչ թե ժամկետը խախտելու համար ենք «Սեւ ցուցակ» մտցրել, այլ անպատասխան թողնելու համար, որովհետեւ Բրյուսովը պատասխանել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնին այն բանից հետո, երբ մենք դատի ենք տվել համալսարանին, հետեւաբար` մենք դատական գործի ընթացքում ստացված պատասխանը չենք համարել տրամադրված պատասխան»:

Իսկ Տնտեսագիտական համալսարանից կենտրոնը ցանկացել է իմանալ համալսարանի 1990-1991թթ շրջանավարտների ցանկը, ինը օր անց պատասխանել են, որ կենտրոնի հարցման բովանդակությունից անհայտ է, արդյոք ուղարկել է կազմակերպությո՞ւն, թե՞ անհատ: Գեւորգ Հայրապետյանը այս անգամ իր տվյալներով է ուղարկել հարցումը եւ ստացել է մերժում, համալսարանը պատճառաբանել է, որ տեղեկությունների տրամադրումը կապված է մեծածավալ աշխատանքների հետ եւ իրենք այդքան աշխատակիցներ չունեն.

«Դրանից հետո եւս մեկ քայլ արեցինք բուհին ընդառաջ. Օրենքը տալիս է հնարավորություն` քաղաքացին կարող է տեղում ծանոթանալ պատասխաններին: Այս օրենքին վկայակոչելով` դիմեցի բուհին, ասացի, որ ուզում եմ տեղում ծանոթանալ տեղեկություններին, բանավոր մերժում ստացա, ասացին, որ նպատակահարմար չեն գտնում եւ աշխատող չունեն, որ ինձ ուղեկցի: Այսպես` Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը հայտնվեց «Սեւ ցուցակում», իսկ այս գործը հենց հիմա գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031