Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը՝ ոստիկանին. «Գնա ֆռֆռա, պոնչո»

Հուլիս 30,2014 14:38

Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին այս պահին հարցաքննվում են գործով տուժող ներգրավված ոստիկաններ:

Տուժող ոստիկան Ազիզ Միրզոյանը պատմեց, որ ամբաստանյալներին նախապես չի ճանաչել, նրանց օպերայի հարթակի վրա է տեսել: Ծառայության ընթացքում տարածքում շրջագայելիս լսել է ոստիկանների կոչերը՝ փողոց դուրս չգալու մասին, ապա տեսել է պայթյուններ ու վազելով գնացել է Մաշտոցի պողոտա, որտեղ տեղի էին ունենում այդ գործողությունները:

«Պայթյունից մուխ է եղել, ծուխ է լցվել աչքերս, մի պահ, արցունք է լցվել, արցունքները մաքրել եմ, տեսել քաշքշոց»,- պատմեց տուժող ոստիկանը:

Պաշտպանական կողմը նրան հարցեր չտվեց:

Հաջորդ տուժող Ռազմիկ Խառատյանն էլ պատմեց, որ Ազատության հրապարակի հարակից տարածքում ծառայություն իրականացնելիս նկատել է Շանթ Հարությունյանին ու ընկերներին, բայց ոչ մի ագրեսիվ պահվածք չի տեսել: Ծառայության ընթացքում տարածքում շրջագայելիս լսել է, որ երթ են նախատեսում: Ավելի ուշ նկատել է խառնաշփոթ, լսել է ոստիկանների կոչերը դուրս գալ մայթ, ապա պայթյուններ: Նրա պատմելով, ակտիվիստները չէին կատարում ոստիկանների օրինական պահանջը, հայհոյում էին: Բայց հայհոյողին չի տեսել:

Ոստիկանների կողմից նախազգուշացում չի լսել: Պատմեց, որ պայթյունների ժամանակ ծխից աչքերը մրմռացել են, արցունքակալել են, բայց հրաժարվել է բժշկի դիմել:
Ըստ նրա, ակտիվիստները փայտե ձողեր ունեին՝ բահի կոթ հիշեցնող: Հետո էլ ասաց, որ փողոցում նկատել է, թե ինչպես էին հարվածում ոստիկաններին, դիմադրություն ցույց տալիս:

Հարցին՝ ոստիկանները բարձրախոսով դիմո՞ւմ էին ակտիվիստներին, ասաց՝ չի հիշում, հետո էլ ասաց՝ ցուցմունքիս մեջ կա, նայեք:

Ամբաստանյալներից մեկի հարցին, թե ովքեր են հայհոյել, ոստիկանն ասաց, որ իր նախաքննական ցուցմունքում գրել է, բայց հայհոյողները ամբաստանյալների մեջ չկան:

Հետո պատմեց, որ քաղաքացիական համազգեստով անձին, որը ոստիկան էր, երկու քաղաքացի հարվածում էին: Հարցին՝ ինչ գիտես, որ նա ոստիկան էր, ասաց՝ այդպես էր ներկայանում:

«Իսկ քաղաքացիներն ասում էին միլիցա է, խփեք»,- ասաց ոստիկանը:

Նաեւ պատմեց, որ ինքը ցուցարարներին փորձել է հետ մղել, այդ ընթացքում քաղաքացիական համազգեստով ոստիկանը կարողացավ հեռանալ:

Հարցին՝ քաղաքացիական համազգեստով ոստիկանը որեւէ փաստաթուղթ ցույց տվե՞ց, ոստիկանն ասաց՝ խառնաշփոթ էր, լավ չի հիշում, բայց փաստաթուղթ ցույց չի տվել, միայն ասել է, որ ոստիկան է:

Ամբաստանյալ Վարդան Վարդանյանն էլ հարցրեց, 25 մետրից ինչպե՞ս ես լսել ինչ են հորդորել ոստիկանները (ոստիկանը մինչ այդ ասում էր, որ 25 մետրից է լսել ոստիկանների հորդորները), ասաց՝ ընդհանուր հորդորներ է լսել:

Վարդան Վարդանյանի դիտարկմանը, թե նույնիսկ տեսախցիկը հինգ մետրից չի արձանագրել հորդորները, ինչպե՞ս ես դու լսել 25 մետրից, ասաց դա տեսախցիկի խնդիրն է ու շրջվելով դատախազի ուղղությամբ հարցրեց՝ հը՞, լա՞վ էր:

Հարցին՝ ինչի՞ց ես հավատացել, որ քաղաքացիական համազգեստով անձը ոստիկան է, կարող է ասում էր Հռոմի պապն եմ, խաչակնքվելո՞ւ էիր, նա չպատասխանեց:

Հետո էլ Շանթ Հարությունյանն ասաց՝ երեխուն մի նեղեք, հարցեր մի տվեք, թողեք թող գնա: Գնա ֆռֆռա, պոնչո:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԱՐԹՈՒՐ says:

    ՇԱՆԹ ՀԱԼԱԼ Է ՔԵԶ,,,,,,,,,,,,

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031