Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նազարյանը՝ ՀԷՑ-ին. «Փնթի ու վատ մենեջմենթի պատճառով եք այդ վիճակում»

Հուլիս 30,2014 15:31

Արդեն տեղեկացրել ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր 15 միլիոն դրամով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցերին» (ՀԷՑ):

Հանձնաժողովին դիմած «Միկմետալ» ընկերությունը Երեւանի Ադոնցի 8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքն էլեկտրականությունով ապահովելու համար ՀԷՑ-ի հետ 2011 թվականի հուլիսի 6-ին պայմանագիր է կնքել, ըստ որի՝ ՀԷՑ-ը դեռ 2012 թվականի հունիսի 27-ին շենքի համակարգը պետք է միացրած լիներ էլեկտրական ցանցին, բայց մինչ օրս այս պարտավորությունը ՀԷՑ-ը չի կատարել:

«Միկմետալն», ինչպես այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ներկայացվեց, մի քանի անգամ գրավոր դիմել է ՀԷՑ-ին, բայց պատասխան չի ստացել: ՀԷՑ-ը պետք է շենքը սնուցող ենթակայան կառուցեր, ինչը եւս չի կատարել:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կարելի է ասել, նիստը շատ տնավարի էր վարում. նույնիսկ բավականին կոշտ նկատողություններ արեց ՀԷՑ-ի ներկայացուցչին, երբ վերջինս ելույթ էր ունենում: Պարոն Նազարյանը ՀԷՑ-ի ներկայացուցչին հորդորեց կարգի հրավիրել իրենց աշխատակիցներին: Ըստ Նազարյանի, հանձնաժողովը սպառողներից բազմաթիվ բողոքներ է ստացել, որ «Հայէլցանցերի» աշխատակիցները բաժանորդներին վիրավորում են, անպատվում. «Իրենց այնպես են պահում, կարծես իրենք են այդ ամենի տերը»:

«Հայէլցանցերի» իրավաբան Վարդան Գրիգորյանը տուգանքներ կիրառելու նախագծի վերաբերյալ որոշ առարկություններ ներկայացրեց, նշելով նաեւ, որ այդ 15 միլիոն դրամը ֆինանսական բեռ կլինի առանց այն էլ վատ վիճակում գտնվող ընկերության համար: Իրավաբանի ելույթն ընդհատեց Ռոբերտ Նազարյանը եւ կշտամբելով՝ դիմեց ՀԷՑ-ի ներկայացուցչին, թե ընկերությունն իր վատ մենեջմենթի եւ փնթի ու անկազմակերպ աշխատանքի հետեւանքով է հայտնվել ֆինանսական վատ վիճակում:

Մանրամասները` շուտով տեսանյութում

Հիշեցնենք, սակայն, երբ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, Նազարյանը թանկացնելու մասին որոշման ժամանակ էներգետիկ ոլորտում առաջացած ֆինանսական ճեղքվածքով էր հիմնավորում, բայց ոչ` ընկերության փնթի ու անկազմակերպ աշխատաոճը:

Ռոբերտ Նազարյանը կարծես թե վիրավորված էր, որ այսօրվա նիստին ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինն անձամբ չի ներկայացել. «Ի՞նչ է, ավելի՞ կարեւոր գործեր ուներ»:
15 միլիոն դրամ տուգանքի վերաբերյալ հանձնաժողովի որոշումն արդյոք դատարանում կբողոքարկվի՞, Aravot.am-ի այս հարցին ցանցերի իրավաբանն ասաց, որ դա պետք է որոշի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատերը:

Նշենք, որ, ըստ որոշ լուրերի, «Միկմետալ» ընկերությունը պատկանում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի ընտանիքին:

Հանձնաժողովը տուգանեց ՀԷՑ-ին` էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնները խախտելու համար` 5 միլիոն դրամով, իսկ լիցենզիայի պայմանների 4.19 կետը խախտելու համար` 10 միլիոն դրամով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031