Մինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կշարունակվեր ժ.12-ին նշանակված Արթուր Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, կանչվել էր շտապ օգնություն:
Ինչպես նախորդ եւ մնացյալ 8 ամիսների ընթացքում, ամբաստանյալը արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվելու ժամանակ ի վիճակի չի լինում մասնակցել իր գործի քննությանը:
Մեկ ուղեկցողներին հենված է բերվում, մեկ բժիշկներն են բերում:
Այսօր 40 րոպե հետո նիստերի դահլիճ մտած դատավորը հայտնեց, որ բժիշկները ամբաստանյալին անալգին, դիմեդրոլ են տվել, զարկերակային ճնշումը եղել է 100-170, նա ունի գլխապտույտ եւ ցավեր, եւ հարկավոր է հանգիստ:
Բժիշկն անգամ նշել էր, որ ցանկալի է դատական նիստը հետաձգվի, ելնելով ամբաստանյալի վիճակից:
Կարդացեք նաև
Մեղադրողը չառարկեց, քանի որ ամբաստանյալի դահլիճում «ներկա» գտնվելը խոսում էր նրա վիճակի մասին:
Իսկ ահա տուժողները միջնորդեցին, որպեսզի դատական նիստը շարունակվի, քանի որ, ըստ նրանց, անվերջ հետաձգվելու պատճառները իրականությանը չեն համապատասխանում:
«Կասկածի տակ եք դնո՞ւմ բժշկի ասածը», – հարցրեց դատավորը: Ու երբ տուժողներից մեկն ասաց՝ այո, դատավորը խորհուրդ տվեց դիմել համապատասխան մարմիններին: Տուժողն ասաց՝ կդիմի:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 25-ին: Դատավորն ասաց, որ օգոստոսի 1-ից գտնվելու է արձակուրդում:
Ի դեպ, ամբաստանյալի մայրը՝Փառանձեմ Հակոբյանը aravot.am-ի հարցին, թե ինչպիսին է եղել տղայի վիճակը, մինչ այս դատական գործընթացները, պատասխանեց, որ նա ներկա վիճակում հիշողություն չունի.«Դեմքին նայելով գլուխը չի երեւում, նա ունի անտանելի ցավեր: Պարտադիր չի, որ մարդը քայլում է: Որդիս ունի ողնաշարի հետ կապված ցավեր էլ»:
Մայրը տեղեկացրեց, որ որդին 14 օր պահվել է «Դատապարտյալների հիվանդանոցում», 4 օր՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Փաստն այն է, որ բարձրաստիճան ոստիկանների գումարները տարադրամի փոխանակման կետում շրջանառության մեջ դրած եւ հափշտակության գործով դատական քննությունն, ըստ էության չի սկսվել, տուժողների միայն կեսն է գալիս դատարան, դեռ դատարան չեն ներկայանում Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետը, ոստիկանության վարչության պետեր, որոնք իրենց գումարները վստահել են Արթուր Անդրեասյանին:
Այս գործը հայտնի է «Ֆինանսական բուրգ» անվամբ:
Ռուզան ՄԻՆԱՍԱՆ