Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը գտնվում է թրաֆիքինգի դեմ պայքարում լավ արդյունքներ գրանցած երկրների շարքում (Տեսանյութ)

Հուլիս 30,2014 13:39

«Հաճախ լրագրողները սխալ են օգտագործում տերմինները: Օրինակ, երբ Երեւանում տեղադրված գիպսե արձանները կոտրվեցին, հոդված լույս տեսավ, որի վերնագիրը հետեւյալն էր՝ Տարոն Մարգարյանը թրաֆիքինգի է ենթարկում չգիտեմ ինչը… որեւէ առնչություն այդ բառը այդ երեւույթի հետ՝ թրաֆիքինգի հետ չուներ: Բայց ցավոք սրտի բավականին հաճախ ենք տեսնում հոդվածներ, որտեղ այդ բառն օգտագործվում է անտեղի, մոդայիկ բառ է դարձել: Օրինակ, վերնագրում գրում են՝ «Հանրային հեռուստատեսության նախագահը թրաֆիքինգի է ենթարկում իր անձնակազմին», կամ «ՀՀ կառավարությունը թրաֆիքինգի է ենթարկում բնակչությանը»… անհեթեթություններ են գրում՝ տերմինը սխալ օգտագործելու պատճառով»,- այսօր Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը:

Նա ներկայացրեց նաեւ լրատվամիջոցներում հաճախ հանդիպող մեկ այլ սխալ՝ երբ բացահայտվում են թրաֆիքինգի զոհերի տվյալները, ինչն արգելված է. «Ցավոք սրտի, սա շատ տարածված է հեռուստատեսություններում, երբ թրաֆիքինգի ենթարկված մարդկանց ոչ միայն բացահայտ ներկայացնում են, այլեւ մեծ ռեպորտաժներ են անում նրանց մասին»:

Ասուլիսին ներկա էին նաեւ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուվետտոն, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը:

Վահրամ Կաժոյանը նույնպես խոսեց ԶԼՄ-ներով գնացող տերմինային սխալների մասին, երբ «թրաֆիքինգի զոհ» արտահայտությունը սխալ էր մեկնաբանվել եւ ներկայացվել էր որպես մահացած, զոհված մարդ:

Ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը ասաց, որ թրաֆիքինգի դեպքերը Հայաստանում տարեցտարի նվազման միտում են ցուցաբերում, դա պայմանավորված է ինչպես հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացմամբ, այնպես էլ՝ կառավարության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի դեմ տարվող քայլերից, բացահայտված դեպքերի քանակից: Այս ամենի հետեւանքով՝ Հայաստանն այժմ ԱՄՆ պետքարտուղարության կողմից անցկացվող տարեկան գնահատման արդյունքում արդեն երկու տարի է՝ թրաֆիքինգի դեմ պայքարի լավագույն արդյունք ցուցաբերած երկրների խմբում է:

Պարոն Գրիգորյանը նկատեց, որ մանկական մուրացկանության դեպքեր եւ կանանց սեռական շահագործման ենթարկելու դեպքերը նվազել են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ հայաստանցիների մասնակցությամբ՝ այլ երկրներում:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ անթիվ-անհամար էին դեպքերը, երբ կանանց հավաքագրում էին տարբեր երկրներում գյուղատնտեսական կամ ծառայությունների ոլորտներում աշխատելու համար, եւ միայն տանելուց հետո պարզվում էր, որ սեռական շահագործման են ենթարկելու: Այս կապակցությամբ հարցին, թե ինչպես կարող է պոտենցիալ զոհը ենթադրել, որ իրեն հավաքագրում են ոչ թե աշխատանքի, այլ թրաֆիքինգի ենթարկելու համար, Ռ. Գրիգորյանը պատասխանեց՝ եթե առաջարկվում է մեծ աշխատավարձ եւ քիչ աշխատանք, արդեն կասկածելի է:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031