Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի գործարքը տեւական ժամանակ է, ինչ չի կայանում։ Պայմանագրի ստորագրումից անցել է վեց ամիս, սակայն գործարքը շարունակում է մնալ օդից կախված։ Ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք առաջացրել են նախատեսված որոշ պայմանների վերանայման անհրաժեշտություն։
Գործարքի ճակատագիրը կախված է նրանից, թե կողմերը որքանով կկարողանան համաձայնության գալ։ Հայաստանի կառավարությունը ամերիկյան ընկերությանն է ներկայացրել իր մոտեցումները՝ պայմանագրի որոշ պայմանների վերաբերյալ։ Վիճահարույց հարցերում կան նաեւ սկզբունքային կետեր, որոնց շուրջ այնքան էլ հեշտ չի լինի պայմանավորվել։
Դրանցից մեկին օրերս անդրադարձավ վարչապետը՝ բացելով որոշ փակագծեր։ Հ.Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը, կողմ լինելով գործարքին, այնուհանդերձ պատրաստ չէ այն վավերացնել նույն պայմաններով, ինչ պայմաններով ստորագրվել է։ «Որոտանի հէկը չօտարելու նպատակ մենք չունենք։ Նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որ այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության ու տնտեսության, եւ պահպանվեն օրենքի բոլոր կետերը։ Իհարկե կան թերություններ եւ կետեր, որոնք ընդունելի չեն»,- ասել է վարչապետը։
Կառավարությունը մասնավորապես դեմ է, որ նոր սեփականատերն ստանա շահութաբերության այնպիսի մակարդակ, ինչին համաձայնել է նախկին կառավարությունը.
-Շահութաբերության սանդղակը շատ բարձր է՝ 23,5 տոկոս, որին ես սկզբունքորեն դեմ եմ։ Չի կարող լինել այնպիսի գործարք, որի դեպքում ապագա գնորդը 23,5 տոկոս շահութաբերություն ունենա։ Մեր երկրում այդպիսի գործարք չի եղել։
Որ Որոտանի հիդրոհամալիրի վաճառքը նախատեսում է անտրամաբանական բարձր շահութաբերություն գնորդի համար, ակնհայտ է։ Իսկապես, մինչեւ այժմ Հայաստանում նման գործարք չի կայացել։ Ժամանակին շահութաբերության համեմատաբար բարձր մակարդակ է նախատեսված եղել բաշխիչ էլեկտրացանցեր ընկերության համար։ Սակայն նրա տարբերությունը Որոտանի պայմանագիրի հետ սար ու ձոր է։ Բաշխիչ ցանցերի դեպքում սահմանված է 14 տոկոս շահութաբերություն։
Անհասկանալի է, երբ նման կարեւոր կառույց կառավարությունը համաձայնում է վաճառել գնորդի համար այդպիսի բարձր շահութաբերության նորմ սահմանելով։ Հավանաբար նաեւ դրանով էր պայմանավորված գործարքը արագ ավարտին հասցնելու վերջինիս շտապողականությունը։ Այդ մասին խոսակցություններ հայտնվեցին անցած տարեվերջին։ Արդեն հունվարին ստորագրվեց վաճառքի պայմանագիրը, որով համալիրը հանձնվեց ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը։
Կարդացեք նաև
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում