Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդվարդ Սանդոյան. «Վերջին 5-6 տարիներին մենք ձախողել ենք բոլոր ցուցանիշներով». «Ժամանակ»

Հուլիս 30,2014 10:44

«Ժամանակի» զրուցակիցն է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։

– Պարոն Սանդոյան, վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա գլխավորած կառավարության պաշտոնավարումից 3, 5 ամիս է անցել։ Ճիշտ է, դա
բավարար ժամանակ չէ արդյունքներ գրանցելու համար, սակայն բավարար
է հասկանալու համար, թե Հ. Աբրահամյանն ուր է ուզում տանել մեր տնտեսությունը։ Այդ առումով ի՞նչ զարգացումներ եք նկատել։

– Իսկապես վաղ է խոսել որեւէ արդյունքներից։ Ես կարող եմ ընդամենը հույսերի մասին խոսել։ Վերջին 5-6 տարիներին մենք ձախողել ենք բոլոր ցուցանիշներով։ Ամենապարզ հայացքը գլխավոր մակրոտնտեսական ցուցանիշներին ցույց է տալիս, որ մենք նույնիսկ 2008թ.՝ մինչ ճգնաժամյան ոչ այնքան բարձր կենսամակարդակին դեռ չենք հասել։ Տարածված կարծիքներ էին, թե միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամ էր, մենք մեղք չունենք եւ այլն։

– Բայց այդ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը կար։

– Ո՛չ, ես այդ կարծիքին չեմ։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ մնում այն կարծիքին, որ խնդիրը մեր մեջ է։ Մենք շատ կախված լինելով էկզոգեն գործոններից՝ ստացանք բոլոր հարվածները։ Ի դեպ, չմոռանանք, որ այն ժամանակվա կառավարությունը նույնիսկ ճգնաժամը չնկատեց կամ նկատեց շատ ուշ, երբ բանը բանից անցել էր։ Եթե վերականգնեք անցյալը, կտեսնեք, որ 2009թ., 2008թ. 4-րդ եռամսյակում, երբ աշխարհում արդեն նկատվում էին բացասական միտումները, այստեղ հայտարարվում էր, թե մեզանում ամեն ինչ լավ կլինի, մենք տնտեսության պաշտպանության բոլոր հնարավորություններն ունենք։ Հույսը կարծես թե կայանում էր նրանում, որ մենք չլինելով միջազգային ֆինանսատնտեսական համակարգին եւ շուկաներին խորը ինտեգրված, այդ մեծ ռիսկերը չէինք կլանելու։

– Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, որ
ճգնաժամի մասին չի բարձրաձայնում, որպեսզի բացասական սպասումներ
չառաջանան։

– Կային նման օրինակներ։ Ես այդ օրերին գտնվում էի Աստանայում, տնտեսական ֆորումի մասնակից էի, եւ ի զարմանս ինձ՝ Ղազախստանի կառավարությունը նույնպես նմանատիպ հայտարարություններ էր անում։ Առաջինը՝ եկեք շատ չխոսենք, որ ճգնաժամը չխորանա, երկրորդ ֆենոմենը, որ անցնում ենք ձեռքի ռեժիմի կառավարման, որը ժամանակակից աշխարհում կարող է միայն ժպիտ առաջացնել։

Եվ երրորդը՝ մենք հասկացանք, որ բոլոր առումով խոցելի ենք, որովհետեւ կտրուկ կրճատվեցին թե՛ ներդրումները, թե՛ մասնավոր տրանսֆերտները, թե՛ ուղղակի ներդրումները, մասնավորապես՝ շինարարական ոլորտում։ Բայց ես ուզում եմ ֆիքսել, որ մենք ունեցանք շատ հաջող տնտեսական բարեփոխումներ 90-ականներին, որոնք, ցավոք սրտի, կանգ առան 2000-ականների սկզբին: 2000-ականներին ունեցանք այդ բարեփոխումների արդյունքը, որոնք, ցավոք սրտի, նույնպես սպառվեցին տարբեր պատճառներով։ Մենք խոսում ենք նախորդ կառավարության ձախողումների մասին, բայց ես չեմ կարծում, որ այստեղ առանձին անձինք մեղք ունեն։ Կամ եթե նույնիսկ ունեն, դա չէ ամենաէականը, էականը շատ ավելի խորքային է եւ շատ ավելի ինստիտուցիոնալ։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031