Երեքշաբթի օրը Նոր Նորքի բնակիչները նկարահանել են, թե ինչպես են ջրաշխարհին կից անտառներում բուլդոզերները մեկը մյուսի ետևից ջարդում ծառերը: Այս անօրինական գործողությունները տեղի են ունենում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ:
Նոր Նորքի վերջին կանաչապատ տարածքի՝ Մասիվի թոքերի ոչնչացումը կարող է հանգեցնել մարդու կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմանը: Արդեն այսօր Երևանում այլևս չկան բավարար քանակով ծառեր երևանցիների թոքերի համար թթվածին արտադրելու համար:
Նոր Նորքի վարչական շրջանը հայտարարել է, որ այդ քարածածկ հատվածում խաղահրապարակ են կառուցելու։ Քաղաքաշինական տգիտության արդյունքում փորձ է արվում Երևանի վերջին անտառներից մեկը նույնպես վերածել բետոնապատ տարածքի։
Այս տարրական խնդիրը չհասկացող կոռումպացված պաշտոնյաները ոչ միայն տգետ են, այլև ծանրագույն հանցագործություն են կատարում Երևան համայնքի նկատմամբ: Այս հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Այս բարբարոսությունը, հավանաբար, կապված է վերջերս Վիշապների պուրակի փոխարեն այս հատվածում կառուցված բարձրահարկի համար խաղահրապարակ ստեղծելու մասնավոր խնդրի հետ։
Պահանջում ենք անհապաղ հանել բուլդոզերները Նոր Նորքի անտառներից, պատժել մեղավորներին և վերականգնել կանաչ տարածքը նախկին տեսքով:
Կանաչ տարածքի ոչնչացման կադրերը`
Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն