Սուրեն Նազարյան – Քանդակագործ, Ուսուցիչ, Ընկեր
1957թ. Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի երկրորդ կուրսի ուսանող էի, երբ արվեստանոց մտավ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության բաժինն ավարտած, երիտասարդ քանդակագործ Սուրեն Նազարյանը։
Նա մեր՝ պատանի ուսանողներիս կողմից ընդունվեց որպես ուսուցիչ, ընկեր եւ ազատ մտածողության տեր քանդակագործ։ Բացի ակադեմիական դասավանդման կանոններից, նա ուսանողին տվեց ազատ մտածելու իրավունքը… Իհարկե, կուրսի մի քանի տղաներս դա հասկացանք, ընկալեցինք, եւ այդ մի քանիսս էլ դարձանք նրա լավագույն ուսանողները, իսկ հետագայում, նաեւ՝ նրա պարծանքի շարժառիթը… Հարկ եղած դեպքում՝ նա հաճախ էր նշում, որ իր ուսանողներն են եղել Արա Շիրազը եւ Երվանդ Գոջաբաշյանը։
Կարդացեք նաև
Այդ տարիների իր սերնդակից քանդակագործներից Սուրեն Նազարյանն էր ամենաառաջադեմը… Հիշենք նրա՝ Մատենադարանի առջեւ 1967թ.-ին կանգնեցված, միջնադարի հայ մտածող, փիլիսոփա եւ բանաստեղծ Ֆրիկի արձանը (բազալտ), Հայկ Բժշկյանցի՝ «Գայ»-ի հուշարձանը Երեւանի Նոր Նորք թաղամասում՝ 1977թ.-ին (բրոնզ, գրանիտ՝ հարթաքանդակների 50 մ պատը՝ բազալտ), ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի համահեղինակությամբ, Չարենցավան քաղաքի մուտքը խորհրդանշող հարթաքանդակային կոթողը (կոփածո պղինձ) 1970 թ.-ին, քանդակագործ Թերեզա Միրզոյանի հետ համատեղ, Սանահին ավանում դրված՝ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի կիսանդրին 1982 թ. (բրոնզ, գրանիտ) եւ բազմաթիվ այլ գործեր, որոնք ուշագրավ են, դիտվել են հանրապետական, միութենական եւ միջազգային ցուցահանդեսներում։
Սուրեն քանդակագործը իրականացնելու շատ նախագծեր եւ մտքեր ուներ… Ափսոս, որ դրանք չհանձնվեցին քարերին (չվերածվեցին նյութի)։
Նա հեռացավ կյանքից, անժամանակ. Ուսուցիչը, Մեծ քանդակագործը եւ Ընկերը…
«Ուսուցիչը գալիս է այն ժամանակ, երբ աշակերտը պատրաստ է լինում»։
Անձամբ ես՝ հարգեցի նրա անձի էությունը որպես քանդակագործի եւ մարդու …Իր շիտակությամբ եւ վերաբերմունքով։
Կարծում եմ, շատ ու շատ երիտասարդ, լավ քանդակագործներ, որոնք նրա ուսանողներն են եղել, կհիշեն նրան ու բարությամբ կհարգեն նրա հիշատակը եւ քանդակագործական արվեստում թողած նրա վաստակը։
ԵՐՎԱՆԴ ԳՈՋԱԲԱՇՅԱՆ
քանդակագործ
Մոնթեբելլո, Կալիֆոռնիա
«Առավոտ» օրաթերթ
29.07.2014