Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասի երկրների մեդիայի առաջ ծառացած խնդիրները մեծ հաշվով նույնն են

Հուլիս 30,2014 14:45

Հուլիսի 23-26-ը Թբիլիսիի պետական համալսարանում կայացավ Հարավային Կովկասի տեղեկատվական օրենսդրությանը նվիրված միջազգային սիմպոզիում, որը կազմակերպել էր «Դոյչե վելլե ակադեմիան»:

Սիմպոզիումի ընթացքում Հարավային Կովկասի երեք երկրների լրագրողները, ժուռնալիստիկայի դասախոսները եւ տեղեկատվական ուղղվածության ՀԿ-ների ներկայացուցիչները խոսում էին իրենց երկրներում առկա խնդիրներից, առաջընթացներից եւ ձեռքբերումներից:

Վրաստանի Մեդիայի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Խորբալաձեն տեղեկացրեց, որ Վրաստանում ներկայումս 70 հեռուստատեսություն եւ ռադիո կա, 200 տպագիր մամուլի միջոց: Սակայն նախորդ տարվա տվյալներով՝ բնակչության 86%-ը հեռուստատեսությունից է տեղեկատվությունը ստանում, եւ միայն 4%-ն է պարբերաբար տեղեկություններ ստանում ինտերնետից: Նա վերջերս էր եղել Հայաստանում եւ տպավորված էր մեզ մոտ նոր մեդիայի զարգացման թափից: Ըստ Թ. Խորբալաձեի՝ Հայաստանում նոր մեդիան (լրատվական կայքերը) եւ ընդհանրապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ավելի զարգացած են, քան Վրաստանում. «Մենք ստիպված ենք բավարարվել ՏՏ ոլորտի միայն մի քանի լավ պրոֆեսիոնալներով, իսկ ձեզ մոտ նրանք շատ են եւ բարձրակարգ»:

Վրացական օրենսդրության համաձայն՝ օֆշորային ընկերությունները չեն կարող հեռուստատեսություններ հիմնադրել, սակայն չի սահմանափակվում նրանց՝ գովազդներ տրամադրելու եւ TV-ներին ֆինանսավորելու իրավունքը, եւ, օգտվելով օրենսդրական սողանցքներից, օֆշորային ընկերությունները կարողանում են ազդել հեռուստատեսությունների վրա: Ամենահայտնի «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, որը վրացիները համարում են մեծ ձեռքբերում լրատվական ոլորտում, քանի որ այն, ունենալով հակաիշխանական ուղղվածություն, ամենաբարձր վարկանիշն ունի՝ 22%, 2004-2012 թվականներին 20 անգամ փոխել է տերերին: Տեղեկատվական իրավունքի ինստիտուտի ղեկավար Մամուկա Անդգուլաձեն էլ նշեց, որ պաշտոնյաների, չինովնիկների ազդեցությունը ԶԼՄ-ների վրա քիչ է զգացվում, սակայն քանի որ գովազդային շուկան փոքր է եւ չի բավականացնում դաշտի խաղացողներին, լրատվամիջոցները տարբեր բիզնեսմեններից եւ այլ՝ իրենց շահերն ունեցող գործիչներից «դոտացիաներ» են ստանում, ինչը շուկան փչացնում է. «Պարզ է, որ օլիգարխին պատկանող լրատվամիջոցի հետ մյուս լրատվամիջոցները չեն կարող մրցակցել»:

Հայաստանյան մեդիայի վիճակը ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա ցավով նշեց, որ եթե մինչեւ այս տարի, «Ֆրիդոմ Հաուզի» տվյալներով, մենք 61 միավորով «մասամբ ազատ» մամուլի միջոցներ ունեցող երկրներին էինք սահմանակցում (մասամբ ազատ են համարվում մինչեւ 60 միավոր ունեցող երկրները), եւ հույս կար, որ կմտնենք այդ երկրների շարքը, այս տարի մեկ բալով էլ մեր վիճակը վատացավ, եւ հիմա 62 բալով ենք անազատ երկրների ցանկում, որտեղ հայտնվել ենք 2002 թվականից՝ «Ա1+»-ի փակումից ի վեր: Իրավիճակի վատթարացման պատճառը ոչ թե օրենսդրությունն է կամ քաղաքական կուրսի փոփոխությունը, այլ լրագրողների հանդեպ վատ վերաբերմունքը: Ա. Մելիքյանի բերած տվյալներով՝ 2012թ. համեմատ նախորդ տարի ֆիզիկական բռնությունները լրագրողների եւ ճնշումը ԶԼՄ-ների հանդեպ մեծացել են, թեեւ տեղեկատվության տարածման առումով՝ վիճակը լավացել է. «ԶԼՄ-ների դեմ դատական գործերի առումով 2011-ին պիկ էր, հետո դրանց քանակը ահագին իջավ, նախորդ տարի կրկին շատացավ՝ 27 դատական գործ կար: Այս տարի առայժմ յոթ դատական գործ է հարուցվել լրատվամիջոցների դեմ»:
Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» ասոցիացիայի նախագահ Արիֆ Ալիեւը նկատեց, որ Ադրբեջանում վերջին շրջանում խնդիր է առաջացել այն առումով, որ լրատվության ճշգրտությանն ու անաչառությանը շատ քիչ ուշադրություն է դարձվում, շեշտը դրվում է միայն ու միայն օպերատիվության վրա: Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր երկրում ներկայումս 11 լրագրող գտնվում է անազատության մեջ՝ տարբեր մեղադրանքներով. «Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանում ոչ մի լրագրող չի ազատազրկվել զրպարտության եւ վիրավորանքի համար, սակայն բոլորս էլ հո գիտենք, որ այդ մարդիկ նստած են իրենց գործունեության համար, թեեւ դատվել են բոլորովին այլ հոդվածներով»: Նա տեղեկացրեց նաեւ, որ Ադրբեջանում գրանցված է 5000 լրատվամիջոց, բայց դրանցից նորմալ գործում է 300-ը:

Հետաքրքիր էր Գերմանիայի փորձը, որը ներկայացրեց հեղինակային իրավունքի փորձագետ Ռաֆայել Գրեյֆենբերգը: Նա ասաց, որ եթե որեւէ հեռուստաընկերության վարկանիշը շատ է բարձրանում եւ մոտենում է 30%-ի սահմանագծին, հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այդ հեռուստատեսությունը կարող է ինչ-որ ձեւով ազդել հասարակական կարծիքի վրա, ինչը թույլատրված չէ Գերմանիայում: Դրանից խուսափելու համար տարբեր մեխանիզմներ են մշակված՝ ընդհուպ մինչեւ ստիպում են, որ այդ ալիքով ցուցադրվեն այլ ընկերությունների պատրաստած հաղորդումներ: Դահլիճում նստած կովկասցի մասնագետները ոչ մի կերպ չէին կարողանում հավատալ, որ թարգմանչական սխալ չկա, եւ տարբեր հարցերի միջոցով փորձում էին համոզվել, որ իսկապես ճիշտ են հասկացել իրավաբանի ասածն այն մասին, որ պետությունը միջոցներ է կիրառում, որպեսզի որեւէ հեռուստաընկերություն չունենա չափից դուրս բարձր վարկանիշ: «Առավոտի» հարցին՝ իսկ եթե, այնուամենայնիվ, չնայած բոլոր մեխանիզմներին, այդ հեռուստաընկերության վարկանիշը շարունակի աճել, ի՞նչ պիտի արվի, «Դոյչե վելլե ակադեմիայի» Ասիայի եւ Եվրոպայի բաժնի փոխտնօրեն Բետինա Ռուիջիեսը վստահ տոնով պատասխանեց՝ չի աճի, համոզված եղեք…

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լուսանկարում` Սիմպոզիումի ժամանակ: Ձախից աջ՝ Թամար Խորբալաձեն, Արիֆ Ալիեւը եւ Մամուկա Անդգուլաձեն:

«Առավոտ» օրաթերթ
29.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031