Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխանությանը մնաց մեկ ամիս

Հուլիս 30,2014 14:58
Armen Martirosyan

Արմեն Մարտիրոսյանը հույս ունի,
որ ընդդիմության 12 պահանջներն այդպես էլ թղթի վրա կմնան

Մեկուկես ամիս առաջ քառյակը հրապարակեց իր 12 կետից բաղկացած պահանջն իշխանություններից` դրանց կատարման վերջնաժամկետ սահմանելով սեպտեմբերը: 12 կետերի, որոնց մասին մինչեւ նախագահ Սերժ Սարգսյանի բացասական կարծիք հայտնելը՝ դրվատանքով էին խոսել վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու իշխող ՀՀԿ-ի մյուս ներկայացուցիչները, հրապարակումից մեկուկես ամիս է անցել: «Առավոտը» «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց` տեսնո՞ւմ է իշխանությունների կողմից որոշակի քայլեր, որոնք միտված են ընդդիմության 12 պահանջներին ընդառաջ: «Ես ի սկզբանե էլ ասել եմ, որ չեն կատարվելու, եւ այդպես էլ կա: Ըստ էության, մեկ ամիս մնաց, եւ չեմ կարծում, որ մեկ ամսվա ընթացքում այդ կետերը կյանքի կոչվեն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` միաժամանակ հավելելով, որ երկու շաբաթն էլ բավարար է իրենց պահանջները կատարելու համար, եթե ցանկություն կա. «Բայց իրենց մոտ բոլորովին այլ ցանկություն կա, բոլորովին այլ ուղղությամբ են աշխատում: Իրենց քայլերը մեր իրականության հետ բացարձակ կապված չեն, ուղղված են նեղ անձնական շահերին: Ուստի սպասել, որ այդ կետերը կկատարվեն…»: Արմեն Մարտիրոսյանը չի պատկերացնում, թե իշխանությունն ինչպե՞ս պետք է, ասենք, ընդունի 100 տոկոս համամասնական ընտրակարգը կամ հրապարակայնացնի ընտրացուցակները, տարանջատի իշխանությունն ու բիզնեսը եւ թույլ տա, որ ընդդիմությունը դա վերահսկի՝ այն պարագայում, երբ ամեն ինչ արվել է հենց այդ արդյունքներին հասնելու համար: «Այն, ինչ խոստացվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասով, դարձյալ չարվեց. պարտադիր սոցիալական վճարի անվան տակ համակարգը մտցրին: Իշխանության ողջ գործունեությունը շարունակում է ուղղված լինել նրան, որ երկրում այնպիսի համակարգ գործի, որ բոլոր ռեսուրսները ծառայեցվեն մի խմբի շահերի համար»:

«Առավոտի» դիտարկմանը` գործող իշխանությունների ցանկությունները բավական անսպասելի եւ հաճախակի փոփոխությունների են ենթարկվում` առանց էական հիմնավորվածությունների, եւ եթե ստացվի այնպես, որ իշխանությունն, այնուհանդերձ, ընդառաջ քայլ անի խորհրդարանական ընդդիմությանը, 12 պահանջներից առնվազն քանի՞սը պետք է կատարվեն, որպեսզի ընդդիմությունը բավարար համարի, մեր զրուցակիցն արձագանքեց. «Մի քանի կետ չի, ամբողջական փաթեթ է»: Ապա հիշեցրեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը, ինչպես հայտարարել են խորհրդարանական ուժերը, այդ փաթեթի 13-րդ կետն է: Ինչեւէ, Արմեն Մարտիրոսյանն այն համոզմանն է ու հույս ունի, որ կկատարվի խորհրդարանական ընդդիմության պահանջների ամփոփիչ դրույթը, եւ աշնանը այդ ուժերը քաղաքացիներին կդիմեն` հետագա քայլերը հստակեցնելու նպատակով: «Չեմ կարծում, որ մինչեւ աշուն իշխանությունը կփորձի ինչ-որ բան փոփոխել, առավել եւս, որ վարչապետը նման տերմինոլոգիայով է խոսում իր քննադատների մասին: Քննադատություն, որը միշտ փաստարկված է եղել»: Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ընդդիմախոսներին պիտակել էր «դատարկաբանությամբ զբաղվողներ»:

Քաղաքական եւ քաղաքագիտական որոշակի շրջանակներում համոզմունք կա, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կարող է ներքին խժդժությունների պատճառ դառնալ` ընդհուպ վերաճելով իշխանափոխության: Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէ. «Հայաստանում խոշոր քաղաքական ուժերից որեւէ մեկն իրեն չի կոտորել, որ Հայաստանն անպայման պետք է ԵՏՄ-ի կամ Մաքսային միության մեջ մտնի: Այս տարիների ընթացքում որեւէ մեկը նման գործունեություն չի ծավալել: Հակառակը՝ բոլորը կողմ են եղել ԵՄ Ասոցացման պայմանագրին: Ուստի, կարծում եմ, տեղին չէ ԵՏՄ անդամակցության ձգձգումը իշխանափոխության հավանականություն դիտարկել»: Դիտարկմանը, որ իշխող ՀՀԿ-ն մինչ օրս էլ իրեն կոտորում է՝ ապացուցելու համար, որ Հայաստանի միակ հեռանկարը ԵՏՄ-ում եւ ՄՄ-ում է, իսկ խորհրդարանական քառյակից միայն «Ժառանգությունն» է դեմ արտահայտվել այդ միությանը Հայաստանի անդամակցությանը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն մանեւրներ են անում, մեր զրուցակիցը հակադարձեց, որ դա եւս մեկ ապացույց է, որ այդ ուժերն իրենց չէին կոտորում ԵՏՄ-ի անդամակցության մասով: ՀՀԿ-ականների մասով էլ հավելեց, որ ներքին խոսակցություններում կիսաբերան նրանք եւս ասում էին, որ ստիպված են գնացել այդ որոշմանը: Ինքն անձամբ կարծում է, որ իշխանությունը դրան գնաց զուտ իշխանությունը պահելու համար:

Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ ներքին բազմաթիվ խնդիրների պատճառով է, որ արտաքին ճակատում Հայաստանը պարտություններ է գրանցում, ու, որ ավելի վատ է, իշխանությունը երկրի արտաքին շահն էլ է իր իշխանության երկարաձգմանը ծառայեցնում: Բայց, ի տարբերություն նախկին իշխանությունների` իրենց բազմաթիվ թերություններով հանդերձ, մեր զրուցակիցը փաստում է. «Այն ժամանակ գոնե մեկ բան հստակ էր` ճիշտ, թե սխալ, ընդունեինք, թե ոչ, կար հստակ արտաքին եւ ներքին քաղաքական կուրս: Ճոճանակի էֆեկտով որեւէ մեկը չէր զբաղվում: Երկու ժամանոց, այն էլ ոչ Հայաստանում կայացած, հանդիպման ընթացքում 180 աստիճանում տեսակետ չէր փոխվում, ինչպես եղավ անցած տարի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում»: Մեր զրուցակիցը Հայաստանում իշխանափոխությունը անգամ պարտադիր է համարում, բայց հենց ներքին կառավարման համակարգով պայմանավորված, քանզի գտնում է, որ գործողն արդեն ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանն է վնասում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031