Ամռան այս սեզոնին Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում իսկական եռուզեռ է: Աշխարհի տարբեր երկրներից ու Հայաստանի բնակավայրերից զբոսաշրջիկները հիմնականում գյուղ են այցելում ճոպանուղի նստելու, Տաթեւի վանական համալիրն ու Հայաստանի բնության հրաշալիքներից մեկը` «Սատանի կամուրջը» անզեն աչքով տեսնելու համար: Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանի խոսքով` այս տարի զբոսաշրջիկների հոսքն ավելի մեծ է, քան` նախորդ տարի: Իսկ նախորդ տարի, ըստ զրուցակցիս, միայն ճոպանուղի նստած զբոսաշրջիկների թիվը 80 հազար էր, չհաշված, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ էլ վանական համալիր ու գյուղի տեսարժան վայրեր են միայն այցելել: Սպասվում է, որ այս տարի զբոսաշրջիկների թիվը 100 հազարից ավելի կլինի:
Ինչպես գյուղապետից տեղեկացանք` գյուղում գործունեություն իրականացնող ու տասնյակ հազարավոր ուղեւորների սպասարկող ճոպանուղուց համայնքային բյուջե մուտք արված տարեկան գումարը (հողի հարկի ու գույքահարկի համար) կազմում է ընդամենը 12 հազար դրամ: «Սխալ կլինի ասել, որ ճոպանուղին չի նպաստում գյուղացիների կենսապայմանների բարելավմանը: Գյուղից 15 տնտեսություն առեւտուր է անում, երիտասարդներն իրենց մեքենաները որպես տաքսի են քշում, 15 ընտանիք իրենց տներում զբոսաշրջիկների են հյուրընկալում, սպասարկման օբյեկտներ կան, գիդեր կան գյուղում` երիտասարդները զբոսաշրջիկներին տանում են տեսարժան վայրերը ցույց տալիս, մարդիկ կան, որ ձիերով են տեղափոխում հյուրերին ու գումար վաստակում: Կամաց-կամաց էլ ավելի է զարգանում գյուղը: Արտասահմանցիներից շատ-շատերն են ցանկանում գյուղում մի քանի օր մնալ, բայց մարդիկ իրենց տներում զբոսաշրջիկներին հյուրընկալելու անհրաժեշտ պայմաններ չունեն», -նշեց գյուղապետը եւ հավելեց, որ այսօր գյուղի բնակչության 10 տոկոսն է հազիվ կարողանում պայմաններ ստեղծել եւ զբոսաշրջիկներին հյուրընկալել իր օջախում:
Գյուղացիների խոսքով` Տաթեւ այցելած զբոսաշրջիկները տպավորված են հեռանում գյուղից` հաջորդ տարի նորից այցելելու մտադրությամբ, սակայն արդեն ավելի բարեկարգ ու ավելի նպաստավոր պայմաններում հյուրընկալվելու ակնկալիքով: Տաթեւի բնակիչներն էլ իրենց հերթին նշում են, որ պայմանները սուղ են, հնարավորությունները` սահմանափակ, իսկ գյուղում զբոսաշրջության զարգացման հարցում իրենք պետության աջակցության կարիքն են զգում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
«Ճոպանուղուց համայնքային բյուջե մուտք արված տարեկան գումարը (հողի հարկի ու գույքահարկի համար) կազմում է ընդամենը 12 հազար դրամ»: Սա կատա՞կ է: