Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրապարակի» լրագրող. «Այս ամբողջ դատավարությունը պատերազմ է լրատվամիջոցների դեմ»

Հուլիս 29,2014 22:30

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է դատավարություն, որն առնչվում է Հայաստանի բոլոր լրատվամիջոցներին: Խոսքը վերաբերում է տեղեկատվության աղբյուրի բացահայտմանը: Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշում էր ընդունել՝ բավարարել քննիչների միջնորդությունը՝ «Հրապարակ» թերթին եւ ilur.am կայքերին պարտավորեցնել՝ բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրները: Քննիչներին հետաքրքրում է, թե լրատվամիջոցները որտեղի՞ց են իմացել Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի եւ ըմբիշ, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ տեղի ունեցած բախման մասին:

Բնականաբար, լրատվամիջոցները հրաժարվել են կատարել դատարանի որոշումը եւ դիմել են Վերաքննիչ դատարան:

«Առավոտի» հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը, ով խնդրո առարկա հոդվածի հեղինակն է, տեղեկացրեց, որ դեռ դատական նիստը չսկսված, պարզվել է, որ նիստը պետք է դռնփակ լինի. «Երբ մոտեցանք դահլիճի մուտքին, կատարածուները բերեցին թուղթ, որ նիստը դռնփակ է լինելու: Մեր փաստաբանները պահանջեցին, որ դատարանի որոշումը բերեն: Քիչ հետ նրանք բերեցին նաեւ այդ որոշումը, բայց որեւէ հիմնավորում չկար: Դռնփակ նիստ անցկացնելը տեղեկատվության տարածման գործերին չի վերաբերում, նման ընթացակարգ նախատեսված չէ: Այդ պատճառով մեզ համար այդ որոշումը անակնկալ էր»: Մեր հարցին՝ անգամ Ձեզ՝ հոդվածի հեղինակի՞ն ներս չթողեցին, Սյուզան Սիմոնյանը պատասխանեց. «Ես սկզբից մտա որպես «Հրապարակի» լրագրող, սակայն դատավորին իմ վկայականը չբավարարեց, նա պահանջեց լիազորագիր՝ գլխավոր խմբագրի կողմից, ու քանի որ չունեի, թույլ չտվեց մնալ: Այնքան աբսուրդ դատավարություն է սա… պատկերացնո՞ւմ եք, մարդուն, ով միակն է, որ տիրապետում է տեղեկատվության աղբյուրին, ներս չեն թողնում, տեղեկատվության աղբյուրի բացահայտումը թերթի վրա են դրել, դե թող գնան հարցնեն «Հրապարակ» թերթից…»:

Այս ամեն ինչը, ըստ լրագրողի, ապացուցում է մի բան.«Այս դատավարությունը ամբողջությամբ պատերազմ է լրատվամիջոցների դեմ, դա ակնհայտ է, միայն թե չեմ հասկանում, թե ի՞նչ նպատակով են դա անում: Սա ամբողջությամբ ցուցադրական դատավարություն է, լրագրողներին ճնշելու, ինֆորմացիոն աղբյուրները փակելու, ինչ-որ իրավական, նախադեպային պրակտիկա ստեղծելու համար է, որ վաղը բոլորին պարտադրեն աղբյուրները բացահայտել, մեզ համար շատ դժվար կլինի աշխատել, եթե սա անցնի, էլ չեմ ասում, թե մարդիկ ոնց կվախենան լրագրողներին դիմել, շփվել»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ չե՞ք բողոքարկել նիստը դռնփակ անցկացնելու որոշումը, քանի որ կարծես թե դրա համար որեւէ հիմք չկա, լրագրողը պատասխանեց. «Փաստաբանները անմիջապես, հենց դատարանի դահլիճում բողոքարկեցին այդ որոշումը՝ դռնփակ նիստեր անցկացնելու վերաբերյալ, եւ այդ պատճառով նիստը հետաձգվեց մինչեւ օգոստոսի 11-ը»: Ի դեպ, նիստին ներկա չեն եղել ոչ դատախազությունից, ոչ քննչականից, դատավորը ինքնակամ որոշում է ընդունել:

«Առավոտի» հարցին, իսկ ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ ինչո՞վ է հիմնավորվում աղբյուրի բացահայտման պահանջը բավարարելը, չէ՞ որ, խոսքը կարծես թե՝ ծանր հանցագործության մասին չի: Նկատենք, որ ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով  «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»։ Այս պարագայում ոչ ծանր, ոչ էլ առանձնապես ծանր հանցագործության մասին խոսելն ավելորդ է:

Սյուզան Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, բնականաբար, ոչ մի ձեւով այդ որոշման մեջ հիմնավորում չկար: Ընդհանրապես որոշման մասին մենք իմացանք, երբ քննչականը մեզ ուղարկեց այդ որոշումը, իսկ թե ինչպես է այն ընդունվել, եւ այլն, տեղյակ չենք եղել: Մենք նույնիսկ չգիտեինք, որ այդ միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել: Շատ հետաքրքրիր է, որ քրեական գործը հարուցված է 309 հոդվածով՝ լիազորություններն անցնելը, բայց կոնկրետ ով է մեղադրվում լիազորություններն անցնելու մեջ, հայտնի չի, գրված է միայն՝ «լիազորություններն անցնելու փաստի առիթով»: Մեղադրանք՝ որպես այդպիսին, Նադարյանին չի առաջադրվել, սա է աբսուրդ: Գիտեք, եթե դիակ կա, կամ գողություն է կատարվել, կարելի է մահվան կամ գողության փաստով քրեական գործ հարուցել առանց անուն նշելու, բայց լիազորություններն անցնելու փաստով չի կարող անանուն լինել, չէ՞ որ ինչ-որ կոնկրետ մարդ է անցել այդ լիազորությունները: Բայց նրանք այնքան են իրենց վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ ի ցույց դնում, որ նույնիսկ խուսափել են Նադարյանին մեղադրանք առաջադրել»:

Եթե հանկարծ Վերաքննիչն էլ ուժի մեջ թողնի այս որոշումը, Սյուզան Սիմոնյանը համոզված ասում է՝ մենք անպայման կդիմենք Վճռաբեկ, ապա ՄԻԵԴ, բոլոր ատյանները կսպառենք, եւ ի վերջո, անկախ դատարանների որոշումից, հարյուր դատարան էլ որոշում բերի, մենք աղբյուրը չենք բացահայտելու, դա չի կարելի անել որեւէ դեպքում: Մեր երկրում լրագրողներին ճնշելու միտում կա պաշտոնյաների կողմից, եւ մենք ուղղակի չպիտի ենթարկվենք էդ հիմար կանոններին, չխաղանք իրենց խաղը»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Լուսանկարը՝ Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Այ ձեր ցավը տանեմ, սաղը գիտեն, որ Արթուր Ալեքսանյանի վրա հարձավկվել է նադարյանը, սաղը խոսում են , որ գործը ջրվել է Ծառուկյանի միջամտությամբ, ով ասելէ, որ եթե միտումնավոր է արել, ես էլ կպատժեմ, եթե չէ`փակեք գնա, ի վերջո Արէթուրը շրջապատի տղա է , խոսել է չէ , որ իմացել է քաղաքը, էդ մասին սաղ ռեսպուբլիկան է խոսում, հիմա ինչ են ուզում, չեմ հասկանում քննչական մարմինները ,,դատախազությունը չեն կարող հարցին լուծում տալ, ընկել են լրագրողների ետևից? փոխանակ նայեն սահմանների վիճակը ինչ է, նայեն ,. թե ժողովուրդը ինչպես է գլուխն առնում-փախնում երկրից, ընկել են լրագրողների ետևից, մի հատ հարց եմ ուզում տալ . էդ դատախազը գլխավորը ում ինչ էր որ հասավ էդ պաշտոնին? միթե մեր երկրի նախագահը դրան մի հատ չի սաստում , թե տղա ջան քեզ նորմալ պահի լրատվամիջոցների հետ, գործ արա, ոչ թե խռիկ տուր, չեն հասկանում, որ էսպես չի կարելի, է հետո? Շիրակի դատախազն էլ ասում է, գյումրեցիք գողական են, պատկերացնում եք հարցազրույցի մեջ է ասում ու մի հատ չի պատժվում,, թե այ դատախազ ջան, էս ինչ ես խոսում, նրան մինիմում պետք է գործից հանեին այդ կարգի արտահայտության համար, հմի էլ լրագրողների կրակի հետ են խաղում?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031