«Որևէ այլ երկիր իր պետությունը ստեղծողի տունը կհարգեր, այն կվերածեր թանգարանի, մինչդեռ այսօր Արամ Մանուկյանի տան չորս պատերի ներսում ծառեր են աճում` հասնելով մինչև երկրորդ հարկ»,- «Զորավար» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանցը մտահոգված է հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի տան ճակատագրով: Տունը, որտեղ 1917-1919 թթ. ապրել է անվանի պետական, հասարակական գործիչը, գտնվում է Արամի 9 հասցեում՝ խարխուլ, կիսաքանդ վիճակում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տ. Պետրոսյանցն ասաց, որ տարբեր կազմակերպությունների ու անհատների կողմից բազմիցս բարձրացվել է բնակարանի պահպանության և այն տուն-թանգարանի վերածելու հարցը, սակայն ոչ մի արդյունք. «Եթե անգամ տունը թանգարան դարձնելու խնդիրը մի պահ մի կողմ դնենք, պետք է գոնե տունը պահպանելու մասին մտածենք,- ասում է «Զորավար» հիմնադրամի տնօրենը:- Ա. Մանուկյանի տունը Ա. Խաչատրյանի, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանների մեկ սենյակի չափ է ընդամենը»:
Տ. Պետրոսյանցն ասաց, որ «Զորավար» հիմնադրամը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանն ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի ստեղծվի «Արամ Մանուկյան» շքանշան՝ «Հանրապետության հայ» մակագրությամբ, որը տարին մեկ անգամ պետք է շնորհվի այն քաղաքական գործչին, որը լուրջ դեր է խաղացել ՀՀ քաղաքական կյանքում, նկարահանվի «Հանրապետության հայը. Արամ Մանուկյան» խորագրով վավերագրական ֆիլմ, կանգնեցվի նշանավոր գործչի արձանը, տունը վերածվի թանգարանի, նշվի նրա հոբելյանը և այլն. «Տարին հոբելյանական է Ա. Մանուկյանի համար, լրանում է նրա 135-ամյակը: Սա մի տարելից է, որը պետք է մեծ շուքով նշի պետությունը, բայց ոչինչ չի արվում այս ուղղությամբ»,- հավելեց Տ. Պետրոսյանցը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ