«Այնքան անբարոյական է աշխատավարձերի այդ բարձրացումը՝ առկա այս աղքատության ժամանակներում: Դա ոնց որ խրախճանք լինի՝ ժանտախտի ժամանակ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգության» վարչության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի հետ կապված: Այդ օրենքով նախատեսվում է, որ, օրինակ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատավարձը կազմելու է մոտ 1 մլն դրամ, բարձրանալու է նաեւ ԱԺ նախագահի տեղակալների, նրանց օգնականների, մամուլի քարտուղարի, պատգամավորների, նրանց օգնականների, ԱԺ նախագահի խորհրդականի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի, ղեկավարի տեղակալի եւ մյուս պաշտոնատար անձանց աշխատավարձերը:
Անահիտ Բախշյանի խոսքերով՝ «Կառավարման այդպիսի մոտեցման մեջ այդ աններդաշնակությունն ամեն տեղ եւ ամեն հարցում գնում, ուղիղ եւ ուղղակիորեն խփում է ուսուցչին: Իսկ ուսուցիչը, ով ստանում է այդպիսի նվաստացուցիչ աշխատավարձ, չի կարող կրթել քաղաքացուն, որ լինի արժանապատիվ մարդ: Ուսուցչի այդ նվաստացած վիճակը, իր ներքին բողոքն անդրադառնալու է կրթության որակի վրա, ինչպես տեսնում ենք»:
Մեր հարցին՝ Ձեր պատգամավորական աշխատավարձն ինչքանո՞վ էր բավարարում՝ տիկին Բախշյանը պատասխանեց, որ վազվզող պատգամավորների թիվը շատ քիչ էր՝ 10-15 տոկոսը խորհրդարանի, ոչ ավելի. «Այդ պատգամավորների համար իսկապես դժվար էր, որովհետեւ պատգամավորական գործունեության ծախսերի համար ամբողջ աշխարհում առանձին գումար են ստանում՝ իսկ մենք ստանում էինք ընդամենը 15 հազար դրամ»: Հիշեցենք, որ այդ գումարը այժմ բարձրացվել է 50 հազար դրամ:
Ըստ տիկին Բախշյանի՝ «Ամբողջ հարցը նրանում է, որ մեր ԱԺ-ն իր կոչմանը, իր առաքելությանը չի ծառայում: 131 պատգամավորներից 15–ն են իսկապես աշխատում՝ որպես պատգամավոր, որպես խողովակ, որը հասցնում է հասարակության ձայնը ԱԺ-ին: Նրանց թիվը ընդամենը 15 է: Կարելի էր այդ 15 հոգուն էլ տալ այդ փողը, բայց բոլորին՝ անարդարացի է: Իրենք չեն վաստակել, ձրի փող են ստանալու: Նստելու են ու միայն կոճակ սեղմելու համար, ձայն ապահովելու համար այդքան փող են ստանալու: Ուղղակի մարդու խիղճն ինչպե՞ս է տանելու, երբ ինքը ոչինչ չի անում, նստած կոճակ է սեղմում՝ այդքան փող ստանա, իսկ բժիշկը, ուսուցիչը, շատ-շատ պետական ծառայողներ, որոնք չարքաշ, սեւագործ գործն են անում այս պետության, ցածր աշխատավարձ ստանան: Չափազանց անարդար է: Այդ անարդարությունը տարածվում է վերեւից ներքեւ, ուղղահայաց եւ հորիզոնական: Դա բարոյական չի: Իսկապես աշխատող պատգամավորին հալալ է այդ գումարը: Դա անհրաժեշտ է, որ պատգամավորն ապրի, աշխատի ու չմտածի լրացուցիչ վաստակի մասին, իր ընտանիքի հոգսերը հոգա եւ լծվի իր առաքելությանը գիշեր-ցերեկ: Այդ պատգամավորն արժանի է»:
Կարդացեք նաև
Իսկ ինչ վերաբերում է ԱԺ նախագահի աշխատավարձի բարձրացմանը, ըստ տիկին Բախշյանի, Գալուստ Սահակյանը այդ 1 մլն դրամով ոչ մի ավել բան չի անելու. «Ագահությունը նստած է մեր իշխանավորի փորի մեջ»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ բարձր աշխատավարձով նրանք քողարկեն իրենց բիզնեսներից ստացած եկամուտները, այսինքն, նրանց շքեղ մեքենաները, հագուկապը, թիկնապահները այլեւս «աչք չծակեն», որովհետեւ կասեն, որ բարձր աշխատավարձ ենք ստանում՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «1 մլն 200 հազարն էլ այն գումարը չէ, որ նրանք կարողանան գնել այն մեքենաները, որոնք վարում են: Դա Հայաստանի նման թանկ իրականություն ունեցող պետության մեջ ապրելու համար նորմալ գումար է, որ սպասարկես ընտանիքիդ սնունդը, հագուստը, բուժսպասարկումը, բայց այդպիսի թանկարժեք մեքենաների համար այդ գումարը, միեւնույն է, բավարար չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ