Հուլիսի 28-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծությունը վնասներ է պատճառել Այգեպար, Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերին: Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանն ասաց. «Գյուղացիները չգիտեն, թե ուր տանեն իրենց երեխաներին: Մի շաբաթվա մեջ 3 անգամ նորոգել են գնդակոծությունից ծակծկված տանիքները, սակայն էլ տրամադրություն եւ ֆինանսներ չունեն՝ դրանք նորոգելու»:
Գյուղապետը տեղեկացրեց, որ չնայած գյուղի մանկապարտեզում արձակուրդ չի հայտարարվել, սակայն մանկապարտեզում պարապմունքներ չեն կայանում. երեխաները վախենում են նախադպրոցական հաստատություն հաճախել: Այգեպարի մանկապարտեզի պաշտպանիչ պատի շինարարությունն այդպես էլ չի սկսվել , չնայած Կարմիր Խաչի միջազգային ընկերության ներկայացուցիչները խոստացել էին դրա շինարարությանը մեծապես աջակցել:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հայտնեց, որ հուլիսի 28-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծությունից գյուղում շատ տների պատեր, պատուհաններ են վնասվել, սակայն կարեւորն այն է, որ մարդ չի տուժել; Գյուղապետն ասաց, որ այժմ հարեւան Չորաթանից բերած հացահատիկահավաք կոմբայնը Չինարիում կատարում է տեղանքի պատճառով ադրբեջանական գնդակոծությունից համեմատաբար ապահով հացահատիկի արտերի հունձը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ