Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամարյանների նման երեւույթները չեն կարող մեզ վարկաբեկել». իրավապաշտպան

Հուլիս 29,2014 18:55

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պնդում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած «Կրոնական ազատությունների մասին» 2013 թվականի զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածը ներկայացնում է իրականությունը:

«Եթե Պետդեպարտամենտը տվյալները չճշտի, չի հրապարակի: Եվ Wikileaks-ի հրապարակումներն էլ են ապացուցում, որ այդ պետքարտուղարությունը բավարար տեղեկացված է իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ ու ունի պատշաճ տեղեկատվություն, որոնք տրամադրում են նախ եւ առաջ պետական մարմինների ներկայացուցիչները: Ընդհուպ, մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Իրավապաշտպանների կողմից ուսումնասիրությունների ձեռք բերված տեղեկությունների հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները անհիմն են, որովհետեւ իրավապաշտպան կազմակերպություններից  ավելի հրապարակային, Հայաստանում որեւէ կառույց չի գործում: Մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները իրավապաշտպան կազմակերպությունները պարբերաբար հրապարակում են, ոչ թե թաքուն պահում: Այդ տվյալների հիման վրա կատարվում են քննություններ, դատական գործեր են սկսվում: Մենք չենք կարող որեւէ տվյալ օգտագործել կամ հրապարակել, եթե հիմնավորված չէ: Հղումները, թե մենք դրամաշնորհների համար ենք կեղծ տեղեկատվություն տրամադրում, ակնհայտ կեղծիք է ու նպատակ ունի վարկաբեկել իրավապաշտպան կազմակերպություններին: Չնայած Ամարյանների նման երեւույթները չեն, որ կարող են ազդել հասարակական կարծիքի վրա: Դա էր մնում պակաս, որ KGB –ի գործակալը գնահատական տա իրավապաշտպան կազմակերպության գործունեությանը», Aravot.am-ին ասաց պարոն Սաքունցը:

Ըստ նրա, Հայաստանում անհանդուրժողությունը, ըստ կրոնական, քաղաքական հայացքների պատկանելության շատ մեծ է. «Ամրագրված է ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որ Առաքելական եկեղեցին որպես անվտանգության կարեւոր ինստիտուտներից է: Նման մոտեցումն արդեն հակասում է Սահմանադրությանը, ըստ որի, եկեղեցին սահմանազատված է թե պետությունից, թե եկեղեցուց»:

Նա անհանդուրժողականության դրսեւորում համարեց նաեւ շաբաթներ առաջ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե դիրքերում ոչ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ հանդիսացող զինվորները վտանգ են Պաշտպանության, անվտանգության առումով. «Իսկական խտրական վերաբերմունքի դրսեւորում է: Որովհետեւ Պաշտպանության նախարարի համար կարեւորը պետք է լինի ոչ թե զինվորի կրոնական համոզմունքները, այլ նրա զինվորական պատրաստվածությունը, նրա իրավական պաշտպանվածությունը»:

Պարոն Սաքունցը վստահեցնում է, որ կրոնական կազմակերպությունների հետեւորդներին Հայաստանում շարունակում են անվանել աղանդավորներ ու խտրական վերաբերմունքի արժանացնել, ինչպես նշվում է զեկույցում: Վերջում էլ հավելեց, որ նման զեկույցները հնարավորություն են տալիս բացահայտել խնդիրները եւ դրանց ուղղությամբ քայլեր կատարել եւ պետք չէ ամեն անգամ դրանք հերքել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031