Խոսելով նետաձգության Եվրոպայի առաջնության ընթացքում մասնակիցների տպավորությունների մասին` Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Պետրոս Ամիրյանը «Իմպերիալ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց. «Մասնակիցների եւ պատվիրակությունների անդամների խոսքերով իրենք ոչ մի երկրում, ոչ մի մրցման ժամանակ այսքան բարձր կարգի հյուրանոցային պայմանների եւ սպասարկման չէին արժանացել, ինչպես Հայաստանում: Նրանք բնակվում էին «Արարատ», «Իմպերիալ», «Մետրոպոլ» եւ «Կոնգրես» հյուրանոցներում»:
Իսկ մամուլի ասուլիսը վարող մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը հավելեց. «Բանկետի ժամանակ ես նստած էի անմիջապես գլխավոր մրցավարի կողքին, որը Հայաստան էր ժամանել նույնպես մրցավար կնոջ հետ: Նրա զրույցներից հասկացա, որ շատ գոհ է եւ մրցումների կազմակերպման մակարդակից եւ ընդունելությունից եւ բնակության պայմաններից ու սնունդից»: Իսկ ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանն էլ հիշեց, որ առաջնության գլխավոր քարտուղարը մշտապես հետեւում էր հայաստանյան լրատվամիջոցների լուսաբանման աշխատանքներին եւ ամեն անգամ զարմանում եւ ուրախանում էր, որ օրվա արդյունքները շատ արագ տեղադրվում են ԶԼՄ-ներում, ինտերնետում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ