Այսօր Aaravot.am-ի խմբագրություն էր եկել Աբովյանի բնակիչ Ադելինա Մարգարյանը, որը հեռուստատեսությամբ տեսնելով Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանին, որն օրերս տեղի ունեցած մի միջադեպի արդյունքում հայտնվել էր հիվանդանոցում, ասաց, որ նախկին քաղաքապետն իրեն ատրճանակով սպառնացել է, հայհոյել ու տնից դուրս հանել, հետո փոշմանել ու հետ կանչել` հարցնելով` ինչի՞ համար էինք եկել:
Տիկին Ադելինայի խոսքերով, ինքը եկել է ասելու, թե իրականում ո’վ է Աբովյանի նախկին քաղաքապետը եւ ինչպես նա ասաց` «դիմակը պատռելու»:
Տիկին Ադելինայի պատմելով, տարիներ առաջ Աբովյանի նախկին քաղաքապետն իրեն հանդիպել է ԱՄՆ-ում եւ ասել` եթե Հայաստան վերադառնալուց հետո, խնդիրներ կունենաս` կդիմես: Տիկին Ադելինան էլ հետեւելով նախկին քաղաքապետի խորհրդին, հատկապես, որ նրա խնդիրը հենց Կարո Իսրայելյանի հետ է կապված եղել, որոշել է գնալ նախկին քաղաքապետի տուն, որը գտնվում է հենց տիկնոջ շենքի հարեւանությամբ: Սակայն, դեռ չիմանալով, թե տիկին Ադելինան ինչի համար է եկել, նախկին քաղաքապետը սկսել է հայհոյել:
Մեզ հետ զրույցում տիկին Ադելինան պատմեց, որ ԱՄՆ-ում եղած ժամանակ 3 հազար դոլար գումար է ուղարկել, որը ամուսնու միջոցով փոխանցվել է Կարո Իսրայելյանին` խորհրդային տարիներին ստացած բնակարանը սեփականաշնորհելու համար, սակայն, տիկին Ադելինան, Հայաստան վերադառնալով, տեսել է ոչ բնակարանն է սեփականաշնորհված, ոչ էլ Իսրայելյանն է քաղաքապետ: Ուստի որոշել է գնալ նախկին քաղաքապետի տուն:
Տիկնոջ պատմության մանրամասները` տեսանյութում
Տիկին Ադելինան, իրեն վիրավորելու համար դիմել է ոստիկանություն, որն էլ բացատրություններ է վերցրել նաեւ նախկին քաղաքապետից:
Այս առնչությամբ, պատրաստ ենք լսել նաեւ Աբովյանի նախկին քաղաքապետի մեկնաբանությունները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ