Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Գալուստ Սահակյանը պայքարում էր իր աշխատավարձի բարձրացման համար»

Հուլիս 29,2014 17:49

Հուլիսի 1-ից ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատավարձը կազմում է մոտ 1 մլն դրամ՝ նախկին 340 հազար դրամի փոխարեն: Կտրուկ բարձրացել է նաեւ պատգամավորների աշխատավարձը: Նախկինում նրանք ստանում էին 230 հազար դրամ մաքուր աշխատավարձ, հիմա կազմելու է 460 հազար դրամ, այսինքն՝ կրկնակի: Նույն կերպ բարձրացել են ԱԺ նախագահի տեղակալների, նրանց օգնականների, մամուլի քարտուղարի, պատգամավորների, նրանց օգնականների, ԱԺ նախագահի խորհրդականի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի, ղեկավարի տեղակալի եւ մյուս պաշտոնատար անձանց աշխատավարձերը:

Սա նախատեսվել էր «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, որով ներդրվել էր վարձատրության նոր համակարգ: Ըստ օրենքի, պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը արդեն կազմվելու է հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից եւ պարգեւատրումներից։ Բացի դրանից, պատգամավորները նաեւ իրենց գործունեության համար ստանալու են ծախսերի գումար՝ ամսական 50 հազար դրամ:

Թե ժողովդի այս նեղ սոցիալական պայմաններում ինչքանով է տեղին Գալուստ Սահակյանի աշխատավարձը, օրինակ, դարձնել մոտ 1 մլն դրամ՝ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ օրենքի քննարկման ժամանակ Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում էր, որ օրենքն անցկացնեին. «Ինքը դրա համար պայքարում էր: Բայց կարծում եմ, այսօր ԱԺ պատգամավորներն ամենախոցելի խավը չեն, որոնց աշխատավարձերը պետք է բարձրանարն, այն էլ՝ կտրուկ: Սկզբում պետք է բարձրացնեին ՀՀ այն քաղաքացիների աշխատավարձը, որոնք իրոք, դրա կարիքն ունեին: Շատ այլ պետական պաշտոնյաներ կան, նաեւ ուսուցիչներ, ոստիկաններ, ԶՈՒ-ում ներգրաված քաղաքացիներ…նրանք ավելի շատ կարիք ունեն: Բոլորը սոցիալապես անապահով են: Առաջին հերթին պետք էր մտածել հենց այդ քաղաքացիների մասին, հետո նոր բարձրաստիճան պաշտոնյաներին նման աշխատավարձ տային: Եթե այդ հարցը չեն լուծել, ապա գտնում եմ, որ ընդհանրապես կարիք չկար անգամ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի մասին բարձրաձայնել»:

Մեր հարցին՝ աշխատավարձերը բարձրացնում են՝ կոռուպցիոն ռիսկերը կրճատելու համար, բայց ԱԺ պատգամավորների աշխատավարձը այդքան բարձրացնելով՝ ինչքանո՞վ են կրճատելու կոռուպցիան՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն, պետք է նախ վերացնեն այն խաղի կանոնները, որոնք այսօր գործում են: Այն անձինք, որոնք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, նրանք չպետք է լինեն ԱԺ-ում, կառավարությունում: Նրանք չպետք է ունենան իրենց շահերը հատուկ սպասարկելու հնարավորություն, որն այս պահին տեղի է ունենում: Եթե մենք խոսում ենք կոռուպցիայից, որեւէ աշխատավարձ այդ հարցը չի լուծելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Գալուստ Ստահակյանը չվայելի ժողովրդի բերանից կտրած և սեփական որովայնը ուռճացրած միլիոնները…

  2. Հայկանուշ Մեսրոպեան says:

    երանի մի օր էլ քրոջ աշխատավարձի համար պայքարի…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031