Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանն այսօր Եվրոպայի առաջնության ամփոփման առիթով «Իմպերիալ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսը սկսեց ԶԼՄ-ներին շնորհակալություն հայտնելով:
«Հուլիսի 21-ից 26-ը Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում անցկացված նետաձգության Եվրոպայի առաջնությունում մենք իրար հետ աշխատեցինք ամեն օր, կազմակերպված եւ օպերատիվ, ինչի համար հայաստանյան լրատվամիջոցներին շնորհակալություն եմ հայտնում: Ամբողջ առաջնությունն անցավ առանց անակնկալ միջադեպերի: Միայն բացման արարողության ժամանակ եղանակային պայմանները մի փոքր այն չէին, բայց դա ոչ մի կերպ չանդրադարձավ մրցումների ընթացքի վրա: Բոլոր երկրների ներկայացուցիչներն առաջնությունը գնահատեցին նորմալ կազմակերպված: Մենք հիմա սպասում ենք միջազգային մրցավարի հիմնական արձանագրությանը, որը դեռ չեն ուղարկել:
Այնտեղ բոլոր կետերով նշված կլինի, թե ինչպես ընթացավ Հայաստանում կազմակերպված նետաձգության Եվրոպայի առաջնությունը: Բոլոր երկրների ներկայացուցիչների տպավորությունը դրական է մեր երկրից եւ առանձնահատուկ խնդիրներ, կարծես, չեն արձանագրվել: Իսկ եթե ընդհանրապես մանր թերություններ կամ վրիպումներ եղել են, դրանք տեղում վերացվել են: Կազմակերպիչներն ամբողջությամբ կատարեցին խնդիրները, որոնք նախապես դրված էին իրենց առջեւ: Ենթադրում եմ, որ միջազգային մրցավարի գնահատականները եւս դրական կլինեն, ինչը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա հեռանկարում կարգով ավելի բարձր մրցումներ անցկացնելուն հավակնել: Նկատի ունեմ 2019 թվականի աշխարհի առաջնությունը կազմակերպելու հայտ ներկայացնելը», – ասաց Նազիկ Ամիրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ