Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ և´ քաղաքական, և´ տնտեսական համագործակցության զարգացմանը: Համոզված եմ, որ նման մակարդակի այցերը նպաստում են մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն առաջինն է Օտտավայում հիմնել իր դեսպանությունը՝ կարևորելով երկկողմ կապերի զարգացումը», – ողջունելով հյուրերին ընդգծել է երկրի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ջեյսոն Քեննիին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած անձնական մեծ ներդրման համար և հրավիրել հաջորդ տարի մասնակցելու այդ առիթով Երևանում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին:
Պարոն Քեննին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Կանադայի հայ համայնքի դերը երկրի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման և ապրանքաշրջանառության ծավալի աճի ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարության կարևորագույն առաջնահերթությունը տնտեսության զարգացումն է, և գործադիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հեռանկարների, տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև միջազգային զարգացումների վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ