Քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչությունը բացօթյա առեւտրի ոլորտում կատարած ուսումնասիրության արդյունքում այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, 630 արձանագրություն է կազմել խախտումների վերաբերյալ: Այսօր Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խախտումներն ավելացել են:
Թե հատկապես ի՞նչ թերացումներ են հայտնաբերել, Aravot.am-ի այս հարցին՝ ասուլիսի մեկ այլ մասնակից, առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Արման Եդոյանն ասաց, որ մսամթերքի շուկայում միսը վաճառում էին առանց սառնարանային պայմանների. «Սառնարանները ձեւական են եղել, չեն աշխատել, կամ ընդհանրապես սառնարաններ չեն եղել, միսը ցուցադրվել է բացօթյա»:
Բացի այս, բնակիչների բողոքների հիման վրա 32 բարերի, գիշերային ակումբների ու կարաոկե-բարերի արգելվել է 24.00-ից հետո աշխատել, քանի որ գերազանցել են ձայնային սահմանված չափը: Բացի այս, ակումբներ կային, որոնք չեն ապահովել հարակից տարածքի անվտանգությունը:
Դավիթ Օհանյանի ներկայացմամբ` 1-ին կիսամյակում առեւտրի եւ սպասարկման ոլորտից Երեւանի բյուջե է մուտքագրվել 640 միլիոն դրամ որպես տեղական տուրք, իսկ անցյալ տարի` 590 միլիոն դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ