Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Փրկել մեզ միայն լոզունգներով՝ չենք կարող»

Հուլիս 29,2014 15:59

Արեւմուտքը շահագրգիռ է հետխորհրդային տարածքում խժդժություններ հրահրելու գործում, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո հիմնական վտանգն իրենք սպասում են ՌԴ-ից եւ բոլոր այն երկրներից, որոնք պատրաստ են համագործակցել ու ինտեգրվել ՌԴ-ի հետ: «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած «Եվրասիա. դիմակայություն Արևմուտքին կամ զարգացման արդյունավետ ուղի» թեմայով Ռուսաստան–Հայաստան–Վրաստան–Մոլդովա տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ այն բանից հետո, երբ Արեւմուտքը գործնականում կոտրեց Եվրոպայի ողնաշարը՝ միատարր դարձնելով եւ քաղաքական, եւ սոցիալական համակարգերը, եւ կյանքի կերպը, եւ բարոյական սկզբունքները, եթե դրանք կարելի է բարոյական որակել, սկսեցին միակողմանիորեն եւ ադիոզ կերպով պայքարել մարդու իրավունքների համար, պարզ էր, որ նույնը կփորձեն իրականացնել հետխորհրդային տարածքում:

«Ի՞նչ ստացվեց՝ տեսանք: Այսինքն, իրենք որոշակի հաջողությունների հասան, որովհետեւ պարզվեց, որ բոլոր հետխորհրդային երկրները միեւնույն հիվանդությունն ունեին՝ կոռուպցիա եւ դրանից բխող այլ արատներ»,- ասաց բանախոսը:
Հիմնական խնդիրը, Արամ Սարգսյանը համարում է այն, որ երկրները կարողանան համարժեք արձագանքել առկա խնդիրներին. «Պատերազմ է գնում, որը կարող է տանուլ տրվել բոլորիս աչքի առջեւ եւ կարող է նաեւ հաղթանակով ավարտվել, եթե բոլորը միասնական կենտրոնանան այն խնդիրների լուծման վրա, որոնք կան մեր երկրներում»: Սա, Արամ Սարգսյանը, հետխորհրդային երկրների առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերն է համարում:

«Փրկել մեզ միայն լոզունգներով՝ չենք կարող: Եվ, ընդհանրապես, խոսել լոզունգներով, դրանք հակադրել կոնկրետ գործողություններին, դա առնվազն ինքնախարազանում է: Եկել է լրջագույն մաքրման ժամանակը»,- ասաց ՀԴԿ նախագահը ՝ հավելելով, որ իր կարծիքով, Եվրասիական տնտեսական միությունն, ի վերջո պետք է հանգեցնի նրան, որ բոլոր այն երկրները, որոնք այդ միության կազմում են, իրական պայքար տանեն իրենց երկրում կոռուպցիայի, գողացող եւ պետական բյուջեն հարստահարող չինովնիկների դեմ:
Նա մեջբերեց նաեւ ՌԴ նախագահի մի առիթով արված այն հայտարարությունը, որ մենք կարող ենք ինքնուրույն լուծել այն բոլոր հարցերն ու խնդիրները, որոնք ցայսօր լուծվում էին այլոց օգնությամբ: Դրա համար, բանախոսի համոզմամբ, պետք է համախմբվեն տվյալ երկրներում առկա առողջ ուժերը:

Արամ Սարգսյանը կարծում է նաեւ, որ այժմ արդեն պետք է մտածել ապագա Եվրասիական միության շրջանակներում գործող մի ալյանսի ձեւավորման մասին, որը սերտորեն կհամագործակցիր Շանհայի համագործակցության կազմակերպության հետ: Հետագայում, ենթադրվում է, որ Եվրասիական միության բոլոր անդամ երկրները պետք է դառնան Շանհայի համաձայնագրի լիիրավ անդամներ: Նման այլանսի ձեւավորումը, ըստ բանախոսի, կարող է հակազդող ուժ հանդիսանալ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հետխորհրդային տարածքում ապակայունացնել իրավիճակը: Այստեղ լուրջ դերակատարում կարող է ունենալ նաեւ ՀԱՊԿ-ը:

Խոսելով ուկրաինական իրադարձությունների մասին, Արամ Սարգսյանն ասաց, որ այդ երկրի ներկայիս իրավիճակն իրեն հիշեցնում է 1990-ականների Հայաստանի եւ Սահակաշվիլիի իշխանության Վրաստանի իրավիճակը, երբ բոլորը մտածում էին, որ Արեւմուտքը մեզ կօգնի, կփրկի: «Այդ էյֆորիան շատ շուտ հօգս կցնդի: Իրական կյանքն այլ է ու այդ ժամանակ պետք է պատրաստ լինել նրան, որ այդ տարածքը ետ բերենք զարգացման իրական հատված»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031