Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը հիացած է իր ուսանողուհի Սոնա Ռուբենյանի՝ «Նոր ալիք» մրցույթում ունեցած ելույթից:
Արվեստագետը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն է խորհուրդ տվել, որ արդեն մագիստրատուրայում Սոնան ուսումը շարունակի իբրեւ երգչուհի:
«Եվ հիմա տեսնում եմ, որ այդ քայլը ճիշտ էր: Հաջողություն եմ համարում Սոնայի ելույթը «Նոր ալիքում»: Հեշտ չէ նման մրցույթների մասնակցելը, չնայած ինքը փորձ ուներ արդեն: Երաժշտականություն, ձայնատարություն, բնական տվյալներ՝ Սոնա Ռուբենյանն ամեն ինչ ունի: Եվ մի բան էլ՝ երբ գործիքին տիրապետող բնատուր ձայն ու տաղանդ ունեցող մարդը երգում է, երգչական կարիերան հաջող է լինում: Որպես օրինակ կարող եմ բերել Ռաիսա Մկրտչյանին, որը հրաշալի դաշնակահարուհի էր, բայց երգչական բնագավառում նա իրեն հրաշալի դրսեւորեց ու մեծ հաջողությունների հասավ: Նույնը՝ երկար ստեղծագործական ու բեղուն ճանապարհ, համոզված եմ, որ Սոնան էլ կանցնի:
Իմիջիայլոց ամենաբարձր գնահատականը ոչ թե 20, 30 կամ 50 հազար եվրո մրցանակն է, այլ հանդիսատեսի գնահատականը: Այնպես որ, ես շնորհավորում եմ Սոնային ու ցանկանում նրան նորանոր հաջողություններ»,- ասաց Մարտին Վարդազարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Նոր ալիքում» ներկայացրած Սոնա Ռուբենյանը մրցույթում շահել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ