Վանաձորում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց համար օգոստոսի մեկից կմեկնարկի «Հասարակություն առանց սահմանափակումների» ծրագիրը:
Ծրագիրն իրականացնում է վերջերս Վանաձորում բացված «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հ/կ –ն:
«Ծրագիրը տեւելու է մինչեւ այս տարվա նոյեմբերի 30-ը: Առաջին փուլում նախատեսում ենք կատարել տնայցեր, կատարել սոցհարցում, ինչպես նաեւ սոցիալական հոլովակի նկարահանումներ իրականացնել: Ծրագրի ակտիվ փուլը նախատեսում ենք սեպտեմբեր ամսին, քանի որ այդ ընթացքում մենք կկազմակերպենք միջոցառում, կհրավիրենք ՏԻՄ ներկայացուցիչների, հ/կ անդամների, կրթության ոլորտի մասնագետների, ինչպես նաեւ գործատուների եւ զբաղվածության կենտրոնի մասնագետների: Ակտիվ շրջանից հետո կկազմակերպենք սեմինարներ, որոնց ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց կներկայացվեն իրենց կրթական եւ աշխատանքային իրավունքները, հանդիպումներ կունենան ՏԻՄ մարմինների ներկայացուցիչների, կրթության ոլորտի մասնագետների հետ, կխոսենք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին եւ այլն»,-Aravot.am-ի հետ զրուցում ասում է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հ/կ նախագահ Անուշ Ասլանյանը:
Ծրագրի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք տեղեկացված կլինեն իրենց իրավունքներից, ավելին, մասնակիցներից լավագույնները աշխատանքով կապահովվեն «Էբրիկոտ» ՍՊԸ-ում:
«Ծրագրի երկրորդ փուլում մեր շահառուները կնշեն իրենց մասնագիտությունները, կամ ինչ են ուզում սովորել, մենք համապատասխան կրթություն կամ համապատասխան ուսուցում կկազմակերպենք: Լավագույնները կաշխատեն «Էբրիկոտ» ՍՊԸ-ում»,-եզրափակում է Անուշ Ասլանյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ