Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ը արձակուրդ է գնացել

Հուլիս 29,2014 15:01

«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն արդեն նախապատրաստում են պարտադիր կուտակային վճարների մասին նոր օրենքի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում:

«Հիմա կա որոշակի նախապատրաստական փուլ Սահմանադրական դատարան դիմելու համար եւ հաշվի առնելով ամառային այս շրջանը, որ շատերը քաղաքում չեն ու ակտիվության որոշակի նվազում կա, դրա համար տեխնիկական տեսանկյունից ելնելով` ակցիաներ չեն կազմակերպվում: Բայց սեպտեմբերից նոր թափով կսկսենք»,- Aravot.am-ին ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը:

Մեր հարցին՝ լո՞ւրջ պատճառաբանություն է ամառային արձակուրդը, եթե հաշվի առնենք, որ անցած տարի տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ակցիաներն էլ ամռանն էին ու արձակուրդները չխանգարեցին պայքարին, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Իհարկե, եթե խոսենք տրանսպորտի մասին, նախ գերակշիռ մասը երիտասարդներն էին, ուսանողները, որոնք դասերը ավարտել էին ու կարող էին այլ հարցով զբաղվել, եւ տրանսպորտը խնդիր էր, որի հետ ուզեին-չուզեին՝ առնչվում էին բոլորը, եւ ակցիաները կարողացան հասնել այդ աստիճանի: Մասնավոր հատվածի համար վճարումները երեք տարի հետաձգելու որոշումը որոշակի խնդիր առաջացրեց մարդկանց համախմբելու, բայց դա լուծելի խնդիր է: Պետք է կոչ արվի, որ անկախ նրանից, որ հետաձգվել են մասնավորի վճարումները , օր առաջ պետք է կանխել: Կգա սեպտեմբերը, կսկսվեն ԱԺ աշխատանքները եւ այդ ուղղությամբ պետք է ակտիվ հավաքվել: Շեշտը կրկին կդրվի սահմանադրականության վրա, հասարակության աջակցության շնորհիվ պետք է դիմենք ՍԴ»:

Մեր հարցին՝ տեղին չե՞ն համարում իրենց ուղղված քննադատությունը, թե իրենք լուծեցին իրենց խնդիրը` հաշվի առնելով մասնավոր հատվածի աշխատողների համար վճարները 3 տարի հետաձգելու որոշումը:

«Վերջին բանը, որի մասին մտածում եմ՝ կուտակայինի վճարներն են: Ինձ համար առաջնային խնդիրը այն է, որ օրենքը լինի նախ սահմանադրական, մեր իրավական համակարգին համապատասխան, հետո լինի սոցիալական, որովհետեւ օրենքը նաեւ հակասոցիալական է: Այսինքն, «Դեմ եմ »- ի երիտասարդների համար պայքարը վերածվեց մասնագիտական հարցի, երբ դու գիտես , որ քո երկրում անցկացվում է մի օրենք, որը հակաիրավական, հակասահմանադրական է, արդեն դառնում է սկզբունքային հարց, որը պետք է լուծվի: Այն որ «Դեմ եմ»- ի երիտասարդները մասնավորի տարկետումից բավարարվել են, իրականության հետ ոչ մի եզր չի կարող ունենալ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով, ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա. «Դատարանը մինչեւ սեպտեմբերի 30-ը պետք է նոր օրենքի մասին կարծիք հայտնի, անկախ դրանից, մենք տեսնում ենք, որ նոր օրենքում կան բազմաթիվ հակասահմանադրական կետեր, ընդորում խտրականության հարցում նույնիսկ խորացել է… փաստորեն խորհրդարանական մեծամասնությունը չըմբռնեց, որ ՍԴ որոշումը ամբողջությամբ պետք է իրականացվեր, որովհետեւ, եթե ամբողջությամբ իրականացվեր, սահմանադրականության, սոցիալականության խնդիր նորից չէր լինի:

Այս անգամ պայքարի շրջանակներում անդրադառնալու ենք նաեւ կուտակայինին կից օրենքների հակասահմանադրականությանը, որովհետեւ դրանք փոխկապակցված են կուտակայինի հետ եւ կարեւոր նշանակություն ունեն, մասնավորապես՝ եկամտահարկի մասին օրենքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031