Օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելելով Դիլիջանի միջազգային դպրոց, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր , թե կառավարությունը հնարավորինս կաջակցի տվյալ ծրագրի իրականացմանը: «Մենք սատարելու ենք յուրաքանչյուր նման նախաձեռնության »,-ասել էր վարչապետը:
Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ասաց. «Կարծում եմ՝ ներդրումային միջավայրին միտված ցանկացած ծրագրի պետք է աջակցել: Ինչ վերաբերում է նրան, որ պետք է առանձնահատուկ արտոնություններ լինեն, համաձայն չեմ, եթե նախագիծը, տվյալ դեպքում Դիլիջանի միջազգային դպրոցը շահույթ է հետապնդում: Պետք է առավելություն ունենան միայն սահմանամերձ եւ բարձրլեռնային գյուղերը, բոլոր դեպքերում հավասար դաշտի կողմնակից եմ: Իհարկե, կողմնակից եմ նաեւ, որ Դիլիջանի միջազգային դպրոցի կրթական հաստատություն լինի, բայց ամեն ինչ՝ արդարության սահմաններում: Կրկնում եմ, որտեղ կա բիզնես շահ կա, պետք է արտոնություններ չլինեն»:
Հիշեցնենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցը շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծախսով նախագիծ է, որի իրականացմանն աջակցել է ՀՀ կառավարությունը. 2013 թ. հունիսի 19-ին Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կառավարության հեղինակած՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն իրականացվելու է երկու փուլով՝ 110 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2014 թ.) եւ 80 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2017 թ.): Ուսման վարձը լինելու է 30.000 ԱՄՆ դոլար, սակայն աշակերտների 90 տոկոսը սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:
Ըստ yerkir.am-ի վարչապետն այցելության օրը այնքան էր հավանել շինարարական աշխատանքների որակը եւ ընդհանրապես ամեն ինչ, որ բացականչել է՝ «Very very good»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ