Հուլիսի 28-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի ղեկավարության հետ` Նգույեն Տհայ Յեն Հունգի գլխավորությամբ:
Յեն Հունգը ծանոթացրեց դեսպանին ակադեմիայի հիմնադրման պատմությանը, կառուցվածքին, հաստատության գիտական և հետազոտական գործունեությանը, դիվանագիտական կադրերի պատրաստման գործընթացին, ինչպես նաև նրանից տեղեկացավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեության մասին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան միջազգային հարաբերությունների մի շարք արդիական խնդիրների, քաղաքագիտության և դիվանագիտության ուսումնասիրման առանձնահատկություններին, կադրերի պատրաստմանն առնչվող հարցերի, քննարկեցին Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի և Հայաստանի դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության հնարավորությունը:
Դեսպան Վարդանյանը Յեն Հունգին տեղեկացրեց նաև խորհրդային շրջանում երկու երկրների միջև կրթության ոլորտում եղած հաջող համագործակցության մասին և հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերականգնել և ավելի խորացնել երկխոսությունը այդ ոլորտում:
Կարդացեք նաև
Պայմանավորվածություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել երկու հաստատությունների, ինչպես նաև ՀՀ այլ բուհերի համապատասխան ֆակուլտետների հետ` փորձի փոխանակման, ուսանողների փոխայցելությունների, ինչպես նաև գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ:
Յեն Հունգը դեսպան Վարդանյանին հրավիրեց դասախոսությամբ հանդես գալու ակադեմիայում հայ-վիետնամական, հայ-ֆիլիպինյան հարաբերությունների, տարածաշրջանային քաղաքականության, ինչպես նաև, որպես փորձագետ, կոնֆլիկտների կարգավորման թեմաներով:
Հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն հայտնեցին արդյունավետ քննարկման և սկսված երկխոսության առնչությամբ և պայմանավորվեցին շարունակել փոխգործակցությունը՝ նշված ծրագրերը կյանքի կոչելու համար:
ՀՀ ԱԳՆ