Եթե մտովի համեմատություն անցկացնենք 80-ականներին և մեր օրերում Հայաստանում ապրող մարդկանց միջև, ապա բազմաթիվ տարբերությունների կողքին կնկատենք չափազանց կարևոր, շատ որոշիչ մի տարբերություն ևս: Խոսքը մարդու՝ բարի և չար տեսակի մասին է: Հասկանալի է, որ եթե ուրիշ որևէ այլ բան փոխված չլիներ, ապա միայն կացութաձևի փոփոխությունը բավական էր, որ էական փոփոխություն տեղի ունենար մարդու ապրելակերպի մեջ, որն էլ իր անմիջական ազդեցությունը կթողներ նրա ներաշխարհի վրա: Հասկանալով այս ամենը, այնուամենայնիվ անբնական է այն ընթացքը, որ այս կարճ ժամանակահատվածում կարող է մարդու մեջ՝ բարու վեկտորը այդքան սրընթաց փոխվել դեպի չարը, առավել ևս, որ դրանից՝ մարդու տվյալ պահի վիճակը կարող է միայն վատանալ, որը մարդուն կարող է հաղորդել բացասական ազդակներ և նրան մղել ոչ հավասարակշիռ քայլերի: Այնուամենայնիվ, փորձենք տալ գլխավոր հարցի պատասխանը. ինչո՞ւ են այսքան չարացել մարդիկ: Այստեղ պետք չէ վերացական պատասխաններ փնտրել, դրանք պետք է լինեն իրական և պարզ ըմբռնելի:
Եվ այսպես. երկրում չեն գործում օրենքները, չկա պետական համակարգ, մարդն անպաշտպան է, գործում են միայն ազգակցական, բարեկամական, քավոր-խնամիական, փողային և նմանատիպ այլ հարաբերություններ: Ժողովուրդ՝ որպես այդպիսին չկա, նա չափազանց պասիվ է և նրա ձայնը լսելի չէ ու ընդհանրապես հաշվի չի առնվում: Բնակչության ահռելի մեծամասնությունը՝ անջատ-անջատ գոյատևող մարդիկ են, նրանց միջև որևէ տիպի կապեր չկան, դրանք բոլորը խզված են: Ավելին, նրանք ատում, նախանձում, խանգարում են միմյանց: Նրանց մոտ բացակայում է ամենակարևորը՝ հավատը և հույսը, որն արդեն բավականին ժամանակ առաջ է մահացել: Նրանք չեն ապրում, նրանք մի կերպ գոյատևում են: Զարմանալի է, որ այդքանով հանդերձ, նրանք ամեն օրվա համար երախտապարտ են Տիրոջը: Երկրում գոյացել է արտոնյալների մի խումբ, որը տնօրինում է երկրի ամբողջ ունեցվածքը և հասարակ մահկանացուները, որոնց թիվն անհամեմատ մեծ է, լռելյայն հարմարվել և ծառայում են նրանց: Այդ խմբին հաջողվել է այդ մարդկանց տարանջատել իրարից, տարբեր կոմբինացիաներով նրանցից վերցնել այն ամենը, ինչ հնարավոր է: Եվ այս շարքում ամենակարևորը, որ վերցրել են մարդկանցից, դա ինքնուրույնությունն ու հավատն է, որից հետո մարդը դառնում է ոչնչի ունակ՝ նույնիսկ ամենաչնչին հարցում: Այլ խոսքով, տեղի է ունեցել ուղեղների լվացում: Արդյունքում, նրանք համարյա դարձել են անմեղսունակ արարածներ և անկարողությունից՝ ակամա չարացել են: Նրանց ներսում բարության տարրերն իսպառ ոչնչացվել են: Այս պարագայում, մարդ արարածը պարուրված է լինում միմիայն բացասական լիցքերով, որը նրան կարող է մղել միայն ու միայն չար քայլերի: Եվ սա այն է, ինչ այսօր մենք ունենք Հայաստան երկրում:
Հարգելի ունևորներ, բավական է, հանգստացեք: Կարող եք վստահ լինել, որ հասել եք ձեր նպատակին, դուք՝ ներսում արդեն հասել եք «հաղթանակի»: Սակայն, իմացած եղեք, որ ինչ չափով «հաղթանակի>> եք հասել սեփական ժողովրդի նկատմամբ, նվազագույնը՝ նույն չափով պարտություն եք կրել դրսում՝ արտաքին ուժերից, որի հետևանքներն անդառնալի են լինելու համայն հայության համար և որի համար պատասխան են տալու նաև ձեր սերունդները: Եթե խիղճը լրիվ չի մեռել ձեր մեջ, ապա մեռած ժամանակ անգամ զգալու եք նրանց տառապանքներն ու չարչարանքները և անզոր եք լինելու դույզն անգամ օգնել նրանց: Դա Տիրոջ կողմից տրված ամենամեծ պատիժն է լինելու ձեզ, քանզի մեռած մարդու չարչարանքներն ամենադաժանն են:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Կարդացեք նաև
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ