Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ կասկած չկա. կրակել են ադրբեջանական կողմից. «Հայոց աշխարհ»

Հուլիս 29,2014 12:19

Դեռ օրեր առաջ, նկատի ունենալով հակառակորդի շարունակական ակտիվությունը, որի նպատակներից մեկն էլ մեր գյուղացիների աշխատանքներին, մասնավորապես բերքահավաքին խանգարելն է, սահմանամերձ գյուղերից դիմել էին Կարմիր խաչին, որ բերքահավաքի ժամանակ այցելեն սահմանամերձ գոտի եւ գոնե իրենց ներկայությամբ զսպեն նամարդ թշնամուն:

Կարմիր խաչը անպատասխան չի թողել հայ հողագործների դիմումը, եւ, իսկապես, նշված միջազգային մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները, հասկանալի է, համապատասխան տարբերանշաններ ու հեռվից նկատելի այլ ատրիբուտներ ունեցող ավտոմեքենայով այցելել են կոնկրետ Չինարի գյուղի դաշտերը:

Գյուղապետը պատմել է, որ մի քանի ժամ մարդիկ կարողացել են հանգիստ աշխատել, հավաքել իրենց բերքը: Սակայն որոշ ժամանակ անց հակառակորդի կողմից նշանառու կրակ է բացվել արդեն հենց Կարմիր խաչի ավտոմեքենայի վրա: Գնդակներից մեկը դիպել է մեքենայի կողմնային հողմապակուն ու փշրել այն, եւս մեկ գնդակ Կարմիր խաչի մեքենայի վրա եղած դրոշակն է ծակել:

Հարկ է նկատել, որ սա ամենեւին էլ առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը կրակի տակ է վերցնում այս կամ այն միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին: Ժամանակին, ի դեպ, ադրբեջանական կողմը կրակ էր բացել անգամ ԵԱՀԿ ներկայացուցչի դաշտային օգնականների ուղղությամբ: Սակայն այդ միջադեպը, որ ինքնին խայտառակ դրսեւորում էր, եթե չասենք՝ լկտիություն, նույն ԵԱՀԿ ներկայացուցիչները «ծածկադմփոց արեցին», անցավ-գնաց՝ իբր այնպիսի մի տեղում էին կրակի տակ ընկել, որ, տեսեք-տեսեք, հնարավոր չէր պարզել, թե վերջիվերջո ո՛ր կողմից են կրակել:

Այս նոր միջադեպի պարագայում կարծես որեւէ կասկած չկա. կրակել են ադրբեջանական կողմից: Ըստ որում՝ կրակել են ոչ թե, ասենք, ԵԱՀԿ ներկայացուցիչների, այլ հենց մարդասիրական միջազգային կազմակերպություն ներկայացնող մեքենայի վրա: Ինչպիսի՞ արձագանք կլինի: Միջնորդ-համանախագահների եւս մեկ լղոզված ու անդեմ հայտարարությո՞ւն՝ «կողմերին» ուղղված ու բացարձակապես ոչ մի ազդեցություն չգործող կոչերով:

… Ի վերջո, միջնորդների անտարբերության ու անգործության պայմաններում, կարող է վրա հասնել մի պահ, երբ բացառապես «ուժի լեզուն» հասկացող հակառակորդին հարկ է լինելու հետ շպրտել այնքան, որ այլեւս ի վիճակի չլինի սպառնալ մեր գյուղերին:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031