Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կազմակերպել բողոքի ակցիաները

Հուլիս 29,2014 14:45

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւ ակտիվ քաղաքացի Վահագն Մինասյանը:

Արամ Աբրահամյան.– Ուրբաթ օրը Վարչական դատարանը, ըստ էության, ոչ իրավաչափ համարեց չորս ակտիվիստների դեմ մոտ մի տարի առաջ կիրառված գործողությունները եւ գանձեց ոստիկանությունից 150 հազարական դրամ՝ իբրեւ իրավաբանական ծառայությունների հատուցման գումար: Վահագն, հիշեցրեք խնդրեմ` ինչի՞ մասին է խոսքը, ո՞ր իրադարձություններն են հիմք ծառայել այս դատի համար:
Վահագն Մինասյան.- 2013 թվականի հուլիսի 26-ից հայտարարված շուրջօրյա անժամկետ նստացույցի շրջանակներում բարձրախոսով քաղաքապետարանի դիմաց մեր պահանջները ներկայացնելու գործընթացը խոչընդոտեցին ոստիկանության աշխատակիցները:

Ա. Ա.– Որո՞նք էին ձեր պահանջները:

Վ. Մ.– Տրանսպորտի թանկացման, եւ պահանջում էինք, բնականաբար, ապօրինի որոշում կայացրած պաշտոնյաներին պաշտոնանկ անել: Պատասխանատվության ինստիտուտի կերտման հետ կապված հարցադրումներ էին դրված, եւ այդ ամբողջը բարձրաձայնում էինք բարձրախոսով: Ոստիկանության աշխատակիցները խոչընդոտեցին, մեզ բերման ենթարկեցին ոստիկանության բաժին, ինչից հետո Վարչական դատարանում հայց ներկայացրեցին մեր դեմ տվյալ գործով:

Ա. Ա.– Եվ Վարչական դատարանը որոշեց, որ դուք ճիշտ եք, ոստիկանները` սխալ:

Վ. Մ.- Այո, անհերքելի փաստարկներ կային, որոնք պրոֆեսիոնալ իրավաբանների` ի դեմս պարոն Զեյնալյանի, միջոցով ներկայացվեցին, եւ ոստիկանության գործողությունները ճանաչվեցին ոչ իրավաչափ:

Ա. Ա.– Ես գուցե իմ տարիքից ելնելով կողմ եմ, որ մեր փողոցները խաղաղ լինեն, որ ոչ ոք չգոռա, որ ոչ ոք գետնին չպառկի, ճանապարհ չփակի, ոչ ոք չասի` դու սրիկա ես, քանի որ չես բողոքում, իսկ ես լավն եմ եւ այլն: Իմ կարծիքը պե՞տք է հաշվի առնվի, թե՞ ոչ:

Արտակ Զեյնալյան.– Դա ճաշակի հարց է, ընդհանրապես՝ ով ինչպես է պատկերացնում բողոքի ակցիաներ անել, այդպիսի առաջարկություններ արվում են իշխող կուսակցության երիտասարդական թեւի կամ ուսանողական խորհրդի ներկայացուցիչներին: Իրենք ասում են՝ գնացեք, լուռ ակցիա արեք կամ հեռու գնացեք, կամ «Դինամո» մարզադաշտի մոտակայքում արեք, բայց խաղաղ հավաքների ազատության իրավունքը, միտինգ անելու իրավունքը եւ խոսքի ազատության իրավունքը այնպիսի իրավունք է, որ կարող է նաեւ լինել ցնցող, որ մարդկանց, շրջապատին այդքան էլ դուր չգա դա, բայց այդ իրավունքը պետք է պաշտպանվի: Սա ժողովրդավարական հասարակարգի հիմքերից է, շատ հիմնարար իրավունք է, քաղաքացիական հասարակությունը հենվում է սրա վրա եւ յուրաքանչյուր անհատի զարգացման խթան կարող է հանդիսանալ: Ուստի դա պետք է ապահովվի. եթե անձը հանգել է այն եզրակացության, որ իր բողոքի ակցիան պետք է այդպես արտահայտի, ապա արժե, որ այդպես արտահայտվի բողոքի ակցիան, որպեսզի նաեւ իր վրա հրավիրի հանրության ուշադրությունը:

Ա. Ա.– Ենթադրենք, ես անցնում եմ ակցիա անողների կողքով, համաձայն եմ քաղաքապետարանի որոշման հետ եւ պատրաստ եմ երթուղային տաքսիներին վճարել 150 դրամ: Այդ ակտիվիստները ասում են` այ, դու սրիկայի մեկն ես եւ ռեժիմի սպասարկու: Ճի՞շտ է դա, թե՞ սխալ:

Ա. Զ.- «Սրիկայի մեկն ես» արտահայտությունը միջամտություն կլինի անձի արժանապատվության իրավունքին, բայց որ բանավեճ ծագի, դա նորմալ է: Միեւնույն ժամանակ պետք է անձինք զերծ մնան այլոց արժանապատվությունը վիրավորելու քայլերից: Այս առումով, կարծում եմ, մեր վստահորդները որեւէ անգամ նման արարք թույլ տված չեն լինի: Տեսականորեն ուրիշի արժանապատվությունը վիրավորելիս պետք է ձեռնպահ մնալ վիրավորանքից:

Քննարկումն ամբողջությամբ

 

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031