«ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանը պատրաստվում է դիմել դատարան՝ բողոքարկելու իր լրագրողական աշխատանքը խոչընդոտած ու իր նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը:
Հիշեցնենք, որ Անի Գեւորգյանը բերման էր ենթարկվել փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստների կողմից անցկացվող «Մարտի 1-ի» հանրահավաքի իրազեկման ակցիայի ժամանակ:
«ՉԻ» լրագրողը դեպքից հետո հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ` այն մասին, որ իր լրագրողական աշխատանքը խոչընդոտվել է ու իր նկատմամբ բռնություններ են կիրառվել ոչ միայն Մաշտոցի պողոտայում, այլեւ ոստիկանության կենտրոնի բաժնում՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի կողմից:
«ՀՔԾ քննիչը այդ դրվագն էլ է հավատացել ոստիկաններին, կարճման որոշման մեջ նշված է, որ Արտակ Պողոսյանը ոչ միայն ինձ չի հարվածել, այլեւ այդ օրը ընդհանրապես չի մտել այն սենյակ, որտեղ ես գտնվել եմ բերման ենթարկված ժամանակ»,- Aravot.am-ին ասաց լրագրողը:
Կարդացեք նաև
Ըստ Անի Գեւորգյանի. «Մերժման որոշումը ոչ ադեկվատ է: Նույնիսկ փորձ չէր արվել իրականությանը մոտ պատճառաբանություններ եւ բացատրություններ բերել: Կարճման որոշման մեջ սուտ ու բացահայտ կեղծ տվյալներ էին ներկայացված, զավեշտալի ու մանկապարտեզ հիշեցնող: Օրինակ այնտեղ նշված էր, որ ինձ բերման են ենթարկել ոչ թե որպես լրագրող, այլ հասարակական կարգը խախտող քաղաքացու, որը փորձել է փակել Մաշտոցի պողոտայի երթեւեկությունը, իբրեւ թե ոստիկանները, իմ անվտանգությունից ելնելով, բռնել են իմ ձեռքերից ու թափահարել: Բայց խոսքը գնում է այն դրվագի մասին, որի տեսանյութը հրապարակվել է, որտեղ պարզ երեւում է, որ ոստիկանները փորձում են խլել իմ տեսախցիկը:
Այս դրվագը ոստիկանները նման զավեշտալի ձեւով են բացատրել, իսկ ՀՔԾ քննիչն ընդունել է այդ բացատրությունները. Եվ կրկես հիշեցնող այդ բացատրությունները հիմք է ընդունել քրեական գործը կարճելու համար»:
«ՉԻ» լրագրողի պատմելով, գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումն այնքան անփույթ է կազմվել, որ նույնիսկ իր աշխատանքի վայրն եւ եւս այլ տվյալներ սխալ են նշվել. «Ինչը հերթական անգամ ապացուցում է, որ ՀՔԾ-ն շահագրգռված չի եղել գործի քննության հարցում, ինչ ասել են, այն էլ արել է»:
Հիշեցնենք նաեւ, որ Անի Գեւորգյանը քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը բողոքարկել էր գործը վերահսկող դատախազին, բայց այն կրկին մերժվել էր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ