Դիլիջանի բնակիչ, 1981թ. ծնված Արտուր Ալոյանը 2013թ. դեկտեմբերի 24-ին Դիլիջանի Մյասնիկյան փողոցում գտնվող «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ Դիլիջանի մասնաճյուղի դիմացի ճանապարհին ականատես է եղել Նավասարդ Աբգարյանի եւ Արտավազդ Թամրազյանի միջեւ վիճաբանությունը եւ նկատել է , որ Ն. Աբգարյանն իր ավտոմեքենայից կրակել է այդ պահին ավտոմեքենայի ձախ կողմում գտնվող Ա. Թամրազյանի վրա ու ատրճանակը ձեռքին իջել է ավտոմեքենայից:
Այնուհետեւ Ալոյանը նստելով իր «Պորշ Կայեն» ավտոմեքենան, դանդաղ վարել է Մյասնիկյան փողոցով դեպի վերեւ, որտեղ Ն. Աբգարյանը մոտենալով՝ նստել է նրա «Պորշ Կայեն» ավտոմեքենան ու ատրճանակը թողնելով ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին, հեռացել է: Ա. Ալոյանն առանձնապես ծանր հանցագործության գործիքի՝ «Նագան» տեսակի ատրճանակի նախապես չխոստացված պարտակման դիտավորությամբ ավտոմեքենայով գնացել է Դիլիջանի կենտրոն եւ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա թաքցրել է ատրճանակը:
2013թ դեկտեմբերի 24-ի տեղի ունեցած հրաձգության հետեւանքով ստացած ծանր վնասվածքներից դիլիջանցի գործարար Արմեն Աբգարյանի եղբոր որդին՝ 33-ամյա Նավասարդ Աբգարյանը եւ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին՝ 34-ամյա Արտավազդ Թամրազյանը հիվանդանոցում մահացել էին : 2014թ. հունվարի 9-ին Ա. Ալոյանը զանգահարելով ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արթուր Եգանյանին, հայտնել է թաքցված ատրճանակի տեղը:
Ալոյանը միջնորդել է այս քրեական գործով անցկացնել արագացված դատաքննություն, միջնորդությունը բավարարվել է: 2014թ. հուլիսի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Ա. Ալոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով («Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը՝ հանցանք կատարած անձի, ինչպես նաեւ հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացված պարտակումը») եւ նրան դատապարտել տուգանքի 500 հազար դրամի չափով: Նկատի ունենալով, որ Ա. Ալոյանը 2014թ. հունվարի 15-ից գտնվում է կալանքի տակ, դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով նշանակված պատիժը մեղմացնել 200 հազար դրամի չափով եւ վերջնական պատիժ նշանակել 300 հազար դրամի չափով տուգանք:
Կարդացեք նաև
Ըստ «Դատալեքս» կայքի՝ դատարանը Ա. Ալոյանին պատիժ նշանակելիս, որպես պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա խոստովանել է իր մեղքը, անկեղծորեն զղջում է կատարածի համար, նախկինում հանցանք չի կատարել, աջակցել է հանցագործության բացահայտմանը՝ նշելով ատրճանակի տեղը, 6 ամսից ավել գտնվել է կալանքի տակ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ