Օրերս պաշտոնը ստանձնած Գորիսի նոր քաղաքապետ Վաչագան Ադունցն անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների աշխատողների աշխատավարձերին: Նրա գնահատմամբ` աշխատողներն այսօր ցածր են վարձատրվում եւ մտադիր է աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
«Հենց առաջին օրը հայտարարեցի, որ աշխատավարձերը խղճուկ են իսկապես, ես գիտեի, որ աշխատավարձերը ցածր են, բայց որ այդքան ցածր` չէի պատկերացնում: Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, ես գտնում եմ, որ դրա հնարավորությունը կա` բյուջետային մուտքերը բարձրացնելու հաշվին: Իսկ, որ բյուջետային մուտքերը բարձրացնելու հնարավորություն կա` դա ես միանշանակ տեսնում եմ», -ասաց Գորիսի քաղաքապետը եւ պարզաբանեց, որ խղճուկ աշխատավարձ ասելով նկատի ուներ, մասնավորապես, Գորիսի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթի կենտրոնի աշխատողների վարձատրությունը: Քաղաքապետի խոսքով` մշակույթի կենտրոնի բոլոր աշխատողները ստանում են միեւնույն աշխատավարձը` հավաքարարից մինչեւ տնօրեն, ինչը տրամաբանական չի համարում:
«Մեր մշակույթի կենտրոնի բոլոր աշխատողները նույն նվազագույն աշխատավարձն են ստանում` հավաքարարից մինչեւ տնօրեն: Խղճուկ աշխատավարձ ասելով նկատի ունեմ այն, որ աշխատողների կատարած աշխատանքի եւ նրանց աշխատավարձերի միջեւ տարբերակում չկա: Աշխատանքի տարբեր ծավալներ, պատասխանատվություն կա եւ բոլորին նույն աշխատավարձով վճարել` դա ճիշտ չէ», – նշեց Վաչագան Ադունցը եւ հավելեց, որ մյուս կարեւորագույն խնդիրը քաղաքի բարեկարգումն է լինելու` ներդրողների եւ հովանավորների ուշադրությունը դրսից դեպի Գորիս սեւեռելու միջոցով:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ