Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. «Հովիկ Աբրահամյանը թող իրեն հերոսի տեղ չդնի»

Հուլիս 28,2014 20:49

«Վարչապետն ուզում է ասել, որ բյուջեի ծախսային մասի 70 տոկոս ստվերը վերացե՞լ է: Որ բյուջետային մուտքերի ստվերի 70 տոկոսն է՞ լ է վերացվել, որի հիմնական պատճառը խոշոր բիզնեսն է: Թող ասի` խոշոր բիզնեսի ամբողջ ստվերը վերացրել ենք կամ ասի` թողել ենք 10-15 տոկոս, որը դժվար վերահսկելի է: Ու մինչեւ այսօր ինքն էլ կենդանի է: Էնտեղ կրկնակի բյուջե կա: Եթե ինքն այդպիսի բան անի, պիտի սկսի ամենավերեւից ու իջնի ներքեւ: Իր ուժը չի պատի: Թող դրա մասին խոսի, ոչ թե մեղադրի օպոնենտներին, որ չեն տեսնում: Չենք տեսնում եւ չկա իրականում: Եթե կա ո՞ւր են արդյունքները, ինչո՞ւ կյանքն ավելի լավ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Հիշեցնենք, օրերս լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեղադրել էր կառավարության ընդդիմախոսներին դատարկաբանության մեջ: Վրդովվելով դիտարկումից, որ ստվերի դեմ պայքարի կառավարության գործողություններում հարկային բեռը կրկին մանր ու միջին բիզնեսի վրա ծանրացավ, վարչապետն ասել էր. «Մենք գործով ենք զբաղվում, ոչ թե դատարկաբանությամբ, ինչպես մեր որոշ օպոնենտներ: Եթե կոնկրետ բան ունեն, թող գան ասեն, պատկան մարմինները կպատասխանեն: Մենք խնդիր չունենք որևէ բան կոծկելու, մենք ասում ենք իրականությունը, մենք ավելի շատ խոսելու ենք մեր ապագայի մասին, քան այն, թե ինչ է եղել նախկինում»: Նաեւ հավելել էր. «Համոզված եմ, որ ով չի հագնում մի այնպիսի ակնոց, որը խանգարում է իրականությունը տեսնելուն, նա տեսնում է, որ բազմաթիվ հարցերի շուրջ կոնկրետ որոշումներ են կայացվում, բոլորը հասկանում են, չէ՞, որ հարյուր օրում մենք չէինք ունենա այնպիսի կախարդական փայտիկ, որ ամեն ինչ պետք է կարգավորեինք, փոխեինք, որ տասնյակ տարիներ աշխատել են, փորձել են վերականգնել, վերակառուցել, ժամանակ է պետք, ռեսուրսներ են պետք, և մենք ունենք քաղաքական կամք»:

Քաղաքական կամքի մասին վարչապետի դիտարկումը եւս Սոս Գիմիշյանին վստահություն չի ներշնչում, քանզի, իր համոզմամբ, իշխանության որակը չի փոխվել, էությունը եւ հայտարարությունները` նույնպես: «Պետական բյուջեն ծանրագույն վիճակում է գտնվում, փորձում են իրենց կենսաապահովման խնդիրները մի կերպ լուծելու համար ինչ-որ քայլերի դիմել: Դա արդեն հիմք է տալիս մեղադրե՞լ օպոնենտներին»,- ասաց մեր զրուցակիցը` վստահաբար հայտարարելով, որ բյուջեի ոչ ելքերի ստվերն է «փակված», ինչն ուղղակի վարչապետի ձեռքում է, ոչ էլ մուտքերի, ուստի «լավացում» կարող է լինել չնչին թվով, այն էլ` ոչ խոշոր տնտեսվարողների հաշվին. «Խոշորներից մեկն էլ ինքն է. իր գրպանին պիտի խփի՞»:

Սոս Գիմիշյանը լուրջ չի վերաբերվում նաեւ նշանակման առաջին օրերին Հովիկ Աբրահամյանի արած այն հայտարարություններին, որ կարգի բերելու գործընթացն իր մերձավորներից է սկսելու, նույն պատճառով` իշխանության տեսակն ու որակը մնացել է նույնը: «Ինչի՞ պիտի ինքն էդպիսի հնարավորություն ունենա: Ո՞վ իրեն թույլ կտա: Եվ դրսից ճնշումներ կան, եւ ներսից: Ինքն ուզում է ցույց տալ, որ այդ խնդիրներն ինքնուրույն կարող է որոշել: Բայց սկսենք նրանից, որ ինքը ներսում էլ չի կարող ինքնուրույն որոշել ու լուծել: Թող իրեն հերոսի տեղ չդնի: Ինքը շարքային, հերթական վարչապետն է եւ չեմ կարծում, որ այդ կառավարությունը երկար կյանք ունենա»,- ասաց Սոս Գիմիշյանը` հավելելով, որ ինքը կցանկանար, որ ամեն ինչ շտկվեր եւ իբրեւ առաջին քայլ պատկերացնում էր կենսաթոշակային համակարգի խաբեության վերացումը, «գենդերիզացման» մասին օրենքի, ընդերքի թալանի վերացումը, ինչը դրսից է պարտադրված: Բայց` չեղավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031