Ուրբաթ օրը` հուլիսի 25-ին, «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության նախօրոք ծրագրավորած երթը տեղի չունեցավ` ակտիվիստների սակավաթիվ լինելու պատճառով: Երթը նպատակ ուներ տոնելու նախորդ տարի ունեցած իր հաղթանակը:
Հիշեցնենք` անցած տարի տեղի «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնությունը պայքարում էր տրանսպորտի գնի բարձրացման դեմ: Ակցիային սատարում էին նաեւ մի շարք հայտնիներ` Հայկ Մարությանը, Պետրոս Ղազարյանը, Ալեն Սիմոնյանը, Լուսինե Բադալյանը, Սերգեյ Դանիելյանը, Լալա Մնացականյանը եւ այլք:
Aravot.am-ը հետաքրքրվեց նրանցից, թե ինչո՞ւ չեն մասնակցել ակցիայի տոնական երթին: Սերգեյ Դանիելյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ երթի մասին տեղյակ չէր.«Երեւի, թե դա պայմանավորված է նրանով, որ այժմ համացանցից քիչ եմ օգտվում եւ երբեմն քաղաքում չեմ լինում: Երեւի, ոչ միայն ես, երեւի, թե բոլորն էլ այդ օրին են` շոգ է, քաղաքից դուրս են գալիս, քաղաքում քիչ մարդ կա»:
Դերասանուհի Լալա Մնացականյանը նույնպես տեղյակ չէր եւ այսօր գիշերն է Հայաստան վերադարձել.
Կարդացեք նաև
«Ակտիվիստների կեսից ավելին քաղաքում չէ, ինչպես ես. Վաղը չէ մյուս օրը էլի պատրաստվում եմ գնալ: Այսինքն` այն ժամանակ ես քաղաքում էի, իմացա, պետք է Հայաստանից հեռանայի, կանգնեցրեցի, չգնացի ու մասնակցեցի, բայց հիմա մեկ ամսից ավել Հայաստանում չեմ եղել»:
Հայաստանում չէր նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը: Նա մեզ հայտնեց, որ ուրբաթ օրը եղել է Աթենքում եւ հիմա դեռ այնտեղ է:
«Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը նույնպես ակցիայի մասին տեղյակ չէր.
«Գիտեի, որ քաղաքապետարանի առջեւ հավաքվելու էին, մի փոքր վատառողջ էի, մտածեցի, որ հավաքին կարող եմ չգնալ, բայց որ երթ էր պատրաստվում տեղի ունենալ, անկեղծ ասած, տեղյակ չէի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ