Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որը ամիսներ առաջ, ու բավականին երկար ժամանակով զբաղեցրել է պետեկամուտների (ՊԵԿ) ղեկավարի պաշտոնը, ու ըստ էության, հենց նրա «սուրբ գործն» է եղել ստվերի դեմ պայքարն ու հարկեր հավաքելը, հիմա հայտարարում է, որ Հայաստանի տնտեսությունում ստվերը 20-40% է: Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին լրագրողների հարցին, թե Հայաստանի տնտեսությունում որքան է ստվերը, նախարարն ասել էր` 20-40%-է: Այս հայտարարությամբ, կարելի է ասել, նախարարը խոստովանում է, որ թերացել է իր նախկինում պաշտոնում:
«Գագիկ Խաչատրյանը երկար տարիներ պետեկամուտների կոմիտեի նախագահն է եղել ու երբ հիմա խոստովանում է, որ Հայաստանի տնտեսությունում ստվերը մինչեւ 40% է, ուրեմն նա այդ հայտարարությունից հետո պետք է հրաժարականի դիմում գրի»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը:
Ի՞նչն էր խանգարում Գագիկ Խաչատրյանին, որպես ՊԵԿ ղեկավար պայքարել ստվերի դեմ, արդյոք վարչապետի գործոնը մեծ նշանակություն ունի՞, քանի որ Հովիկ Աբրահամյանն ինչ ստանձնել է վարչապետի պաշտոնը, խոստացել է ստվերը կրճատել, մեր այս հարցին էլ Հայկ Գեւորգյանն ասաց. «Դրանք պոպուլիստական հայտարարություններ են: Ստվերի դեմ պայքարի ալիքներ Հայաստանում եղել են բոլոր վարչապետների նշանակվելու սկզբնաժամկետում: Հիմա իրենք կարող է «հավեսի ընկնեն» ու փոքր բիզնեսից այնքան հարկ հավաքեն, որ չորացնեն, բայց սա երկար չի տեւի»:
Ֆինանսների նախարարը նաեւ վստահեցրել է, որ ստվերի դեմ պայքարում կոշտ են լինելու հատկապես խոշոր բիզնեսի հետ, նախարարը նշել էր, որ հուլիսի առաջին տասնօրյակում հարկային էլեկտրոնային հաշիվների դուրս գրումը 101 հազարով ավելացել է, սա մոտ 25 միլիարդ դրամով ավել շրջանառություն է: Այս առնչությամբ էլ Հայկ Գեւորգյանն ասաց, որ ֆինանսների նախարարի բերած փաստի վրա, եթե հիմնվենք, նշանակում է տարեվերջին պետբյուջեում 450 միլիարդ դրամ լրացուցիչ գումար պետք է հավաքվի, այսինքն` մինչեւ տարեվերջ յուրաքանչյուր ամսվա առաջին տասնօրյակում պետք է 25 միլիարդ դրամ հավաքվի: Իսկ թե իրականում, ո՞ւմից են հավաքում այդ ավել գումարները, խոշորների՞ց, թե փոքր ու միջին բիզնեսից, կերեւա, ըստ վերլուծաբանի, հրապարակված հարկային հաշվետվություններից. «Հայաստանում այսպիսի դինամիկա կա. որքան փոքր է հարկատուն, այնքան տարին տարվա վրա նրա վճարած հարկերը, տոկոսային արտահայտությամբ, մեծանում են, եւ որքան խոշոր է, այնքան քիչ է մեծանում»:
Կարդացեք նաև
Գագիկ Խաչատրյանը նաեւ հպարտությամբ նշել է, որ վերջերս այնպիսի օրենսդրական փոփոխություններ են արել, հօգուտ ՓՄՁ-ի, որի շնորհիվ տնտեսությունը կզարգանա: «Այդ օրենսդրական նախաձեռնությունները նման են նրան, որ շատ ծանր հիվանդին, որին պետք է թթվածին տալ, մինչեւ վերջ փակում են թթվածինը, հետո 5 %-ով բացում են ու ասում` մի քիչ շնչի, որ չմեռնես: Ու հետո ասում են` վայ, տեսեք` ինչ լավ բան ենք արել»,-ասաց Հայկ Գեւորգյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ