Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չի հերքել, որ Ղազախստանն ու Բելառուսն են խոչընդոտում Եվրասիական միությանն անդամակցությունը

Հուլիս 28,2014 19:07

Նախագահ Սերժ Սարգսյանն օրերս հանդիպել էր հանրային խորհրդի անդամների հետ: Ի թիվս շատ հարցերի,  քննարկվել էր նաեւ Եվրասիական միությանն անդամակցության խնդիրը: Հարց է եղել այն մասին, թե ինչու է ուշանում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

Հիշեցնենք, որ անդամակցության վերջնաժամկետի հետ կապված վարչապետ Հովիկ Աբրահամյանը անընդհատ տարբեր ժամկետներ է նշում եւ վստահեցնում, որ ոչ մի խնդիր չկա, պարզապես տեխնիկական հարցեր են:

Սակայն այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, ներկայացնելով Սերժ Սարգսյանի հետ իրենց հանդիպման մանրամասները, պատմեց, թե ինչ պատասխան են ստացել Սերժ Սարգսյանից՝ Եվրասիական միության անդամակցության հետաձգման մասին. «Իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ  ինչ-որ ուժեր իր մոտ փորձում են տպավորություն ստեղծել, որ հայ ժողովուրդը շատ անհանգստացած է, թե ինչու է ուշանում Մաքսային միություն մտնելը: Ճիշտն ասած, ես բոլորովին ոչ միայն չեմ տեսնում անհանգստություն, թե ինչու է ուշանում, այլ շատերը ցանկանում են, որ ինչքան հնարավոր է ուշանա, եթե հնարավոր է՝ չմտնեն այդ միությունը: Մենք բավական պարզաբանումներ ստացանք Ղազախստանի եւ Բելառուսի դիրքորոշումներից: Ճիշտն ասած, կան հարցեր, որոնք ես իրավունք չունեմ իմ անձի կողմից պատմելու»,- ասաց պարոն Սադոյանը:

Մեր հարցին՝ օրինակ, պատասխան տվե՞ց Սերժ Սարգսյանը, թե ինչու է ուշանում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը՝ Արշակ Սադոյանը պատասխանեց. «Բնական է, որ կան խնդիրներ: Ինչքան հասկանում եմ, ուշանում է ոչ միայն Ռուսաստանի պատճառով, այլ առաջին հերթին՝ Բելառուսի եւ Ղազախստանի: Ինձ համար լրիվ ակնհայտ է, որ ե՛ւ Նազարբաեւը, ե՛ւ Լուկաշենկոն խիստ անհանգստացած են ուկրաինական դեպքերով: Ռուսաստանի հաջողության դեպքում շատ հնարավոր է Պուտինը Ղազախստանից եւ Բելառուսից ինքնուրույնություն խլի եւ այդ պայմաներում իրենք բոլորովին շահագրգռված չեն, որ մի հատ փոքր երկիր գնա այնտեղ եւ Ռուսաստանին իր պահվածքով օգնի»:

Մենք ճշտեցինք՝ Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ պարզ ասա՞ց, որ Բելառուսն ու Ղազախստա՞նն են խոչընդոտում Եվրասիական միությանը մեր անդամակցությանը՝ Արշակ Սադոյանը պատասխանեց, որ դա իր տպավորությունն է: Բայց այդ տպավորությունը չի հերքել նախագահը. «Սերժ Սարգսյանը բավականին դիպլոմատիկ պատասխաններ տվեց, թե մեզնից չի կախված…բան: Բայց չասաց, թե Ռուսաստանից է կախված եւ այլն: Նրա խոսքից կարելի էր այդպես հասկանալ, բայց ես իրավունք չունեմ ասել, որ իմ հասկացածը իր ասածն էր: Իմ տպավորությունն էր, ավելի շուտ՝ միայն իմը չի, շատ շատերն այդ տպավորությունն ունեն, ուղղակի, ինչքան ես հասկացա, նախագահը չժխտեց այդ տպավորությունը ստանալու հնարավորությունը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031