Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. «Տնտեսության վատ վիճակի պատճառով ենք տարածաշրջանում ամենավերջին երկիրը»

Հուլիս 28,2014 18:50

«Եթե տնտեսությունը լավ վիճակում չէ, ապա նա իր հետեւից բոլոր ցուցանիշները տանում է»,-Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) «Մարդկային զարգացման ինդեքս 2014» զեկույցը, որտեղ Հայաստանը 87 երկրների շարքում զբաղեցնում է 87-րդ տեղը, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը: Նշենք, որ 2013-ի վարկանիշում եւս Հայաստանը նույն հորիզոնականն էր զբաղեցնում:

Համաձայն ՄԱԿ-ի` «Մարդկային կայուն զարգացման ապահովում. կրճատելով խոցելիությունն ու ձեւավորելով ճկունությունը» խորագրով զեկույցի, մեր երկիրը զբաղեցնում է ամենացածր դիրքը հարեւան երկրների շարքում: Թուրքիան 65-րդ հորիզոնականում է, Իրանը` 75-րդ, Ադրբեջանը` 76-րդ, Վրաստանը` 79-րդ: Այս չորս երկրներն էլ ընդգրկված են մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում: Այս կատեգորիայում են ընդգրկված նաեւ Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը, որոնք զբաղեցնում են 53-րդ, 57-րդ եւ 70-րդ տեղերը` համապատասխանաբար: «Մարդկային զարգացման ինդեքս» ամենամյա զեկույցը տվյալներ է պարունակում տարբեր երկրների բնակչության կենսամակարդակի եւ սոցիալական պաշտպանվածության, առողջության ցուցանիշների, կրթության եւ մշակութային զարգացման, հանցավորության, շրջակա միջավայրի պահպանության եւ որոշումների կայացմանը մարդկանց մասնակցության վերաբերյալ: Համապարփակ այս վիճակագրությունում երկրները բաշխվում են ըստ մարդկային զարգացման մակարդակը բնութագրող չորս ընդհանուր խմբի` խիստ բարձր, բարձր, ցածր եւ միջին:

Ըստ տիկին Դանիելյանի, տարածաշրջանի երկրներից` Հայաստանի հետ մնալու հիմնական պատճառը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցածր լինելն է. «Եթե այդ ցուցանիշն ընկնում է, ապա մյուս ցուցանիշները կախված են դրանից: Այստեղ մտահոգվելու առիթ ունենք: Եթե տնտեսության վիճակը վատ է, աղքատության տոկոսը բարձր է, ուրեմն, ի վերջո կյանքի միջին տեւողությունը, նույնպես, ընկնում է, որովհետեւ դու չես կարողանում առողջապահությունը պահել այն մակարդակի, որ կարողանա, ժողովրդին նորմալ ապահովի»: Կարինե Դանիելյանի խոսքերով, դրա ապացույցներից մեկը վերջերս գլուխ բարձրացրած մենինգիտի հիվանդացության բարձրացումն է: Մեր այն դիտարկմանը, թե մասնագետները պնդում են, որ ամբողջ աշխարհում է այդ վիրուսն ակտիվացել, համաճարակաբանական օրինաչափություններով պայմանավորված, տիկին Դանիելյանն ասաց, որ այդ հիվանդությունը երկար տարիներ Հայաստանը չի ունեցել. «Եթե երկրում տնտեսական մակարդակը ցածր է, աղքատությունը բարձր է, առողջապահությունը չի կարող ապահովել առողջապահական լիարժեք իրավիճակը: Եթե մարդիկ աղքատության մեջ են ապրում, ծայրահեղ վիճակում են դիմում բժշկի, երբ հիվանդությունն արդեն խորացած է: Հանրակրթական մասով եւս խնդիրներ ենք ունենում: Եթե տղաները դպրոցի ժամանակից սկսած` արդեն աշխատում են` ընտանիքին ինչ-որ կերպ օգնելու, եթե բարձրագույն կրթության ընդունակ երեխաները չեն կարողանում սովորել, որովհետեւ, չեն կարողանում կրթության համար վճարել, ուրեմն տնտեսությունը լավ վիճակում չէ»:

Կարինե Դանիելյանի հավաստմամբ, խորհրդային տարիներին Հայաստանը, նույնիսկ, զարգացած երկրների վերջին տեղում է եղել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031